Սերժ Թանկյանը մտադիր է միջազգային երաժշտական փառատոն հիմնել Հայաստանում
03.06.2017
ԱՄՆ Կալիֆորնիայից աշխարհահռչակ System of a Down ռոք-խմբի մենակատար, հասարակական գործիչ Սերժ Թանկյանը մտադիր է միջազգային երաժշտական փառատոն հիմնել Հայաստանում: Այս մասին Սերժ Թանկյանը հայտարարել է AFP-ի հետ զրույցում՝ նշելով, որ գաղափարը դեռ նախնական փուլում:
Նա ասել է, որ ավելին է ցանկանում անել Հայաստանում և նախկինում եւս ցանկացել է նման գաղափար իրագործել ՀՀ-ում: Նրա խոսքով, Հայաստանը եզակի վայր է արեւմտյան արվեստի գործիչների համար և այն հնարավոր կլինի ինտեգրել եվրոպական ամառային փառատոնների ծրագրերում, ինչը հնարավորություն կտա արեւմտյան խմբերին այցելել նաեւ այս կովկասյան երկիր:
«Միշտ երազել եմ Հայաստանում նման միջազգային փառատոն հիմնելու մասին», - ասել է Սերժ Թանգյանը: «Որքան էլ ես ցանկանամ զբաղվել քաղաքականությամբ, կամ սոցիալական ծրագրերով, միեւնույն է ես ցանկություն ունեմ ժամանակ հատկացնել արվեստին», - ասել Սերժ Թանկյանը:
System of a Down ռոք-խմբը 2015 թվականի ապրիլի 23-ին «Wake up the souls» համաշխարհային շրջագայության շրջանակներում (նվիրված Հայոց ցեղասպանության 100 ամյակին) առաջին անգամ այցելեց Երևան և անվճար համերգով հանդես եկավ Հանրապետության հրապարակում:
Սերժ Թանգյանն ասել է, որ այդ համերգի ընթացքում պատմության զգացումով ապշահար նայում էր երիտասարդներին ու հիշում իր նախնիներին: Թանկյանն իր խումբը դիտարկում է հենց որպես «հնի և նորի միջեւ կարող օղակ և կատալիզատոր»: «Որոշ իմաստով կարող եմ ասել, որ System of a Down-ի ողջ կարիերան կառուցվել էր այդ մեկ համերգը տալու համար», - ասել է Սերժ Թանկյանը:
Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլին՝ Հայաստանում Ազգային ժողովի ընտրություններում դիտորդություն իրականացնելու առաքելությամբ Սերժ Թանգյանը, կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը եւ դերասանուհի Արսինե Խանջյանն այցելել էին Հայաստան եւ Արցախ: