Հայաստանում կանանց շրջանում աղքատության մակարդակն ավելի բարձր է, քան տղամարդկանց շրջանում (համապատասխանաբար՝ 54.7 տոկոս եւ 45.3 տոկոս), ինչը հետեւանք է այն բանի, որ կանայք տղամարդկանց համեմատությամբ ունեն ավելի սահմանափակ տնտեսական հնարավորություններ։ Այս մասին ասված է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից ներկայացված "Գենդերը, գյուղատնտեսությունը և գյուղական շրջանների զարգացումը Հայաստանում" զեկույցում:
Զեկույցում նշվում է, որ Հայաստանի գյուղական բնակավայրերում առկա են կանանց ցածր կարգավիճակը եւ պահպանվող գենդերային կարծրատիպերը: Կանայք գերներկայացված են ոչ ֆորմալ զբաղվածության ոլորտում, ընտանեկան ֆերմաներում չվճարվող աշխատանքներում, եւ տնային գործերում: Հայաստանում զբաղվածություն ունեցողների մոտավորապես 34.8 տոկոսը ներգրավված է գյուղատնտեսության մեջ, որոնցից մոտ 56 տոկոսը կանայք են:
Ըստ 2014 թ. տվյալների՝ կանանց միջին վարձատրությունը կազմել է տղամարդկանց վարձատրության 65.9 տոկոսը։ Թեեւ եւ՛ տղամարդիկ, եւ՛ կանայք ոչ ֆորմալ հատվածում վաստակել են ավելի քիչ, սակայն կանանց միջին վարձատրությունը
կազմել է տղամարդկանց վարձատրության 47 տոկոսը: Թեեւ գյուղատնտեսության, ձկնաբուծության եւ բուսաբուծության ոլորտներում վարձատրության տարբերությունը այնպիսին է, որ տղամարդկանց վաստակած յուրաքանչյուր ԱՄՆ դոլարի փոխարեն կանայք ստանում են 90 ցենտ, սա չի ներառում բոլոր այն կանանց, ովքեր գյուղատնտեսության, հատկապես ընտանեկան հողագործության ոլորտում կատարում են չվճարվող աշխատանքներ։
Հայաստանում գենդերային անհավասարությանը նպաստող գլխավոր գործոններից մեկը տղամարդկանց եւ կանանց շրջանում տնտեսական ձեռներեցության ասպարեզում շարունակվող անհավասարությունն է։ Գյուղական բնակավայրերի կանայք սովորաբար օգտվում են միկրո վարկերից կամ վարկային ծրագրերից միայն այն դեպքերում, երբ դրամական միջոցների աղբյուրը դոնոր կազմակերպություններն են, որոնք այդ միջոցները տրամադրում են կանանց ներգրավման որոշակի աստիճանի ապահովման պայմանով (քվոտաներ), եւ այս երեւույթի տարածվածությունը վերջին տասնամյակում աճել է:
Հեղինակները նշում են, որ չնայած գենդերային անհավասարությունները կրճատելու ուղղությամբ վերջին երկու տասնամյակում կառավարության գործադրած ջանքերին, օրենսդրության եւ կիրարկման միջեւ գոյություն ունի ճեղքվածք։ Դեռեւս անհրաժեշտ են ամուր փոխադարձ կապեր Գենդերային հարցերով գործողությունների ծրագրի եւ գյուղատնտեսության ու գյուղական շրջանների զարգացման գործողությունների պլանների եւ քաղաքականությունների միջեւ։ Իսկ գենդերային անհավասարությունները շարունակում են մնալ հանրայնորեն ընդունված կամ հանդուրժվում են, հատկապես գյուղական շրջաններում, որտեղ, համաձայն արձանագրությունների, գենդերային անհավասարություններն ավելի սուր են, ինչը գենդերային հավասարության վերաբերյալ քաղաքականությունների իրականացումը դարձնում է էլ ավելի դժվար։
Հեղինակներն առաջարկում են՝ աջակցել ձկնորսության, անտառագործության և տեղական ֆերմերային կոոպերատիվներում կանանց մասնակցության և ՀՆԱ ստեղծման մասին տեղեկատվության և գիտելիքի հավաքագրմանը ավելի նպատակային և արդյունավետ քաղաքականություն ստեղծելու համար: Ապահովել կանանց մասնակցությունը որոշումների կայացման բոլոր գործընթացներում` որպես ինքնուրույն ֆերմերներ եւ ֆիզիկական անձինք: Քաղաքականությունների, ազգային գործողությունների պլանների եւ ազգային ռազմավարությունների մշակման ընթացքում ներգրավել շահագրգիռ կողմերի, որոնք ներկայացնում են կին ֆերմերների եւ գյուղական բնակավայրերում ապրող կանանց շահերը: Աջակցել ՀՀ ԳՆ և այլ գործընկերներին արձագանքելու հատկապես ընտանեկան ֆերմաներում զբաղված կանանց սոցիալական պաշտպանությանը, ինչպես նաև գյուղի կանանց և տղամարդկանց համար սոցիալական պաշտպանության համակարգերը ավելի մատչելի դարձնելու գործում: