Վրաստանը, Հայաստանը և Ադրբեջանը կստեղծեն համատեղ մաքսակետեր. Կոբախիձե
Լուսանկարը` sputnik
Վրաստանը տարածաշրջանային լոգիստիկ հաբ դարձնելու ռազմավարության շրջանակում երկիրը սկսում է Հայաստանի և Ադրբեջանի հետ համատեղ մաքսային անցակետերի ստեղծման նախագծերի իրականացումը: Վարչապետ Իրակլի Կոբախիձեի ձևակերպմամբ՝ Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող այս գործակցությունը տարածաշրջանային փոխգործակցության լավագույն օրինակն է համաշխարհային առևտրային ուղիների վերագնահատման փուլում:
Մաքսավորի միջազգային օրվան նվիրված ելույթում կառավարության ղեկավարն ընդգծել է, որ մաքսային ոլորտի բարեփոխումները վճռորոշ նշանակություն ունեն կայունության ամրապնդման համար: Հարևանների հետ հարաբերությունների խորացմանը զուգահեռ, Վրաստանը հաջողությամբ ներդրել է Եվրոպական միության չափանիշներին համապատասխանող համակարգչային տարանցիկ համակարգ: Այն հնարավորություն է տալիս մեկ միասնական հայտարարագրով ապահովել բեռների անխափան տեղաշարժը դեպի ԵՄ և Կոնվենցիայի անդամ 39 երկրներ՝ էապես հեշտացնելով առևտրային գործընթացները:
Վարչապետի խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ համատեղ մաքսային ենթակառուցվածքների զարգացումն ընթանում է արտահանման և ներմուծման ցուցանիշների շարունակական աճի համատեքստում: Այս նախաձեռնությունները նպատակ ունեն ստեղծելու միասնական և թափանցիկ տրանսպորտային միջավայր, ինչը կամրապնդի Վրաստանի դիրքերը որպես միջազգային առևտրի հուսալի գործընկեր և տարածաշրջանային կայունության առանցք: