Վրաստանը մինչև 2026թ. կավարտի դեպի Հայաստան և Ադրբեջան ճանապարհները
Լուսանկարը` Голос Армении
Վրաստանի կառավարությունը հստակեցրել է իր ճանապարհային ցանցը «Միջին միջանցք» գլոբալ լոգիստիկ երթուղուն ինտեգրելու ժամկետները։
Համաձայն բյուջետային պլանավորման՝ Թբիլիսին մտադիր է մինչև 2026 թվականը լիովին շահագործման հանձնել ռազմավարական նշանակության ավտոմայրուղիները, որոնք վրացական տարածքով կապահովեն արագընթաց կապը Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև։
Պետական բյուջեում ամրագրված ենթակառուցվածքների զարգացման առաջնահերթ ծրագրերում ներառված է մի քանի առանցքային հատվածների շինարարության ավարտը։ Խոսքը Ռուսթավի-Կարմիր կամուրջ (դեպի Ադրբեջանի սահման) և Ալգետի-Սադախլո (դեպի Հայաստանի սահման) ճանապարհահատվածների մասին է։ Զուգահեռաբար, երկրի արևմուտքում կեզրափակվի Բաթումի-Սարփի մայրուղու նախագիծը, որը ելք է ապահովում դեպի Թուրքիա։
Կառավարական փաստաթղթում ընդգծվում է, որ այս նախագծերի իրագործումը կամբողջացնի տարածաշրջանի չորս երկրները միավորող տրանսպորտային հանգույցի վրացական հատվածը։
Այս նախաձեռնությունը մաս է կազմում Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային երթուղու լայնածավալ ծրագրի, որն առավել հայտնի է որպես «Միջին միջանցք»: Դեռևս 2014 թվականին Ղազախստանի և Ադրբեջանի մասնակցությամբ ստեղծված այս լոգիստիկ ուղին Չինաստանից Կասպից ծովով ձգվում է դեպի Եվրոպա: Վրաստանը, որը Անկարայի նախաձեռնությամբ նախագծին միացել է 2022 թվականին, ստանձնել է առանցքային տարանցիկ հանգույցի դերը՝ ապահովելով ցամաքային կապը Կասպիցի և Սևծովյան տարածաշրջանի միջև: