19.01.2026
Լուսանկարը` Голос Армении
prev Նախորդ նորություն

ԱԱԾ-ն պետական գաղտնի է համարում «Ախուրիկ»-ի անցակետի շուրջ լուրերը

Լուսանկարը` aravot.am
Լուսանկարը` aravot.am

Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը պետական գաղտնիքի ռեժիմ է սահմանել հայ-թուրքական սահմանի «Ախուրիկ» անցակետում ռուս սահմանապահների ծառայության հետագա ճակատագրի վերաբերյալ տեղեկատվության վրա։ CivilNet լրատվականի հարցմանն ի պատասխան՝ ուժային կառույցը մերժել է մեկնաբանել ռուսական զորակազմի հնարավոր դուրսբերման և անցակետը հայկական կողմի վերահսկողությանը հանձնելու մասին լուրերը՝ հղում անելով օրենսդրական արգելքին։


Թեմայի շուրջ հանրային հետաքրքրությունը մեծացել էր հունվարի 13-ի մամուլի հրապարակումներից հետո, որոնց համաձայն՝ իշխանությունները որոշում են կայացրել փոփոխություններ կատարել սահմանի պահպանության ձևաչափում։ Որպես այդ գործընթացի վկայություն նշվում էր անցակետում նոր դրոշակաձողի տեղադրումը։ Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը հաստատել է հայկական դրոշի տեղադրման փաստը, սակայն նշել է, որ տեղյակ չէ ռուս սահմանապահների հեռացման ծրագրերից, թեև ռուսական կողմը վերջերս բարեկարգել էր սահմանամերձ ճանապարհը։


Գաղտնիության քողի տակ է մնացել նաև տրանսպորտային ենթակառուցվածքների վիճակը։ ԱԱԾ-ն անպատասխան է թողել դեպի Թուրքիա տանող երկաթգծի գնահատման վերաբերյալ հարցը, ինչը կարող էր ազդակ լինել սահմանի հնարավոր բացման նախապատրաստական աշխատանքների մասին։ Համայնքապետի դիտարկմամբ՝ երկաթուղին հին է և վերանորոգման նշաններ ցույց չի տալիս, մինչդեռ ըստ շրջանառվող լուրերի՝ թուրքական կողմն արդեն իսկ շինարարական ակտիվություն է ցուցաբերում Մարգարայի անցակետի հատվածում։