24.11.2024
ՀՀ գյուղական բնակավայրերում առկա են կանանց ցածր կարգավիճակը և գենդերային կարծրատիպերը
prev Նախորդ նորություն

Մենք գտնվում ենք մի պատերազմի մեջ, որը դեռ վերջնական ավարտված չէ. Մնացականյան

Մենք գտնվում ենք մի պատերազմի մեջ, որը դեռ վերջնական ավարտված չէ: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱՀ ՊԲ նախարար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը:


Խոսելով այն մասին, թե ինչու Արցախի ՊՆ-ն որոշեց այսուհետ առաջնագծում իրավիճակի մասին տեղեկատվությունը ներկայացնել ոչ թե ամենօրյա ռեժիմով, այլ շաբաթը մեկ անգամ, Մնացականյանն ասաց, որ պատճառներից մեկն այն է, որ չեն ուզում ավելորդ լարվածություն մտցնել մեր հասարակությունների մեջ: Բացի այս, նման որոշմամբ իրենք կանխում են այն տրամադրությունները, որ առկա են հանրության շրջանում, թե այսօր-վաղը պատերազմ է սկսվելու:


«Ամեն օր էլ մենք պետք է պատրաստ լինենք, անկախ նրանից՝ մենք հայտարարում ենք, թե չենք հայտարարում այդ մասին, հասարակությունը միշտ էլ պետք է պատրաստ լինի, քանի որ մենք գտնվում ենք մի պատերազմի մեջ, որը դեռ վերջնական ավարտված չէ»,- ավելացրեց նա:


Ինչ վերաբերում է սահմանային իրավիճակին, ապա Մնացականյանի խոսքով այն այսօր կարելի է գնահատել կայուն լարված, առանց զարգացման միտումների: Գեներալ-լեյտենանտը նշել է, որ նախորդ ամիսների հետ համեմատած որոշակի նվազում կա, մասնավորապես նվազել են տարբեր տրամաչափերի զենքերից կրակոցները, թեև ժամանակ առ ժամանակ լարվածության աճ է լինում։


Բայց եթե համեմատենք ապրիլյան գործողություններից հետո իրավիճակի հետ, ապա լարվածությունը մի քանի անգամ նվազել է, բացառվել են հակառակորդի կողմից դիվերսիոն գործողությունները: Դիվերսիոն հետախուզական խմբերի գործողությունների վերջնակետը եղել են փետրվարյան դեպքերը»,- հավելել է Լևոն Մնացականյանը։ 


Հիշեցնենք, շուրջ երկու շաբաթ առաջ Արցախի ՊՆ-ն հրաժարվեց առաջնագծում իրավիճակի մասին ամփոփ տվյալները ներկայացնել ամենօրյա ռեժիմով, ինչը ոչ միանշանակ ընկալվեց հասարակության կողմից: Այսուհետ տեղեկատվությունը ներկայացվում է շաբաթվա կտրվածքով, մինչդեռ հակառակորդ Ադրբեջանը շարունակում է այն ներկայացնել ամենօրյա ռեժիմով: