Հնդկաստանը սկսել է «Պինակա» կառավարվող հրթիռների առաջին խմբաքանակի առաքումը Հայաստան
Լուսանկարը` Sputnik
Նյու Դելիի և Երևանի միջև ռազմավարական համագործակցության խորացման համատեքստում Հնդկաստանը ձեռնամուխ է եղել «Պինակա» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի համար նախատեսված կառավարվող հրթիռների առաջին խմբաքանակի առաքմանը։
Նագպուրում գտնվող Solar Defence and Aerospace Limited (SDAL) գործարանից մատակարարումների մեկնարկի մասին պաշտոնապես հայտարարել է Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհը՝ վերահաստատելով հայկական կողմի հետ կնքված պաշտպանական պայմանագրերի կատարման հանձնառությունը։
Ինչպես հաղորդում է հեղինակավոր The Hindu Business Line-ը, այս գործընթացը մաս է կազմում ավելի վաղ ստորագրված լայնածավալ համաձայնագրի, որով Հայաստանը ձեռք է բերել «Պինակա» համակարգի չորս մարտկոց։ Պայմանագիրը ներառում է ոչ միայն արձակման կայանքների, այլև դրանց համար նախատեսված ժամանակակից կառավարվող հրթիռների և պաշտպանական այլ սարքավորումների արտահանումը։ Հատկանշական է, որ բուն արձակման կայանքների մատակարարումն արդեն իսկ ավարտված է. գործընթացը մեկնարկել էր 2023 թվականի հուլիսին և ամբողջությամբ եզրափակվել 2024 թվականի նոյեմբերին։
Համագործակցության ներկայիս փուլը կենտրոնացած է բացառապես զինամթերքի ապահովման վրա։ Ըստ աղբյուրների՝ արտադրող ընկերությունը պարտավորվել է կառավարվող հրթիռները Հայաստան ուղարկել դրանց պատրաստ լինելուն պես, և առաջին խմբաքանակն արդեն ճանապարհին է։ Ռազմական փորձագետների գնահատմամբ՝ սպառազինության այս տեսակը նորարարական է անգամ հնդկական կողմի համար. ակնկալվում է, որ Հնդկաստանի բանակը պաշտոնապես այս հրթիռները սպառազինության մեջ կներառի միայն առաջիկա օրերին: