Լեռնային Ղարաբաղում 2016-ի ապրիլյան բռնություններից մեկ տարի անց Հայաստանն ու Ադրբեջանն ավելի քան երբևէ մոտ են պատերազմական իրավիճակին 1994-ի հրադադարի կնքումից ի վեր: Այս մասին ասված է Միջազգային ճգնաժամային խումբի (International Crisis Group) «Ղարաբաղի երկնքում պատերազմի ամպեր են կուտակվում» վերնագրով զեկույցում:
ICG-ը զբաղվում է տարբեր երկրներում հակամարտությունների ուսումնասիրությամբ: Զեկույց է հրապարակել` անդրադառնալով ղարաբաղյան հիմնախնդրին և հայսատանա-ադրբեջանական հարաբերությունների ներկա փուլին: Կազմակերպության փորձագետների կարծիքով կողմերն ընդունում են այն վտանգը, որ նման էսկալացիայի դեպքում կներառվեն երկու հիմնական տարածաշրջանային տերությունները՝ Ռուսաստանն ու Թուրքիան, որոնք պայմանագրեր ունեն Հայաստանի ու Ադրբեջանի հետ համապատասխանաբար։
Հայաստանն ապրիլից հետո էապես վերազինել է առաջնագիծը
Հայաստանն ապրիլից հետո էապես վերազինել է առաջնագիծն ու բանակը, տեղադրել ջերմատեսիլներ ու այլ սարքեր, որոնք նվազեցնում են ադրբեջանական անսպասելի հարձակման հավանականությունը: Ղարաբաղի ղեկավարությունն 2017-ի ձմռանը եկել է եզրահանգման, որ ադրբեջանական նոր հարձակման ժամանակ պետք է ոչ թե նահանջել, այլ խորանալ հակառակորդի տարածք: Ղարաբաղյան զինուժի պլանը ենթադրում է 15 կմ-ով խորանալ ադրբեջանական տարածքում, ինչը կստիպի հակառակորդին կամ փախչել, կամ նոր պաշտպանական շղթա կառուցել: Այդ դեպքում Ադրբեջանը կարող է ստանալ 300 հազարից 600 հազար նոր փախստական:
Նույնկերպ, սակայն, շարունակում է զինվել ու նոր տեխնիկա ձեռք բերել նաև Ադրբեջանը: Զեկույցում նշվում է, որ Թալիշի ուղղությամբ գրաված դիրքերը պոտենցիալ վտանգ են Մարտակերտի համար, Լելեթեպեն՝ հարավի, ինչպես նաև Հադրութի ու Մարտունու համար: Հյուսիսից Ղարաբաղը պաշտպանված է Մռավի լեռնաշղթայով, ինչի հետևանքով պատերազմը հավանական է Մարտակերտից Իրանի սահման ընկած 150-կմանոց ճակատի երկայնքով: Սակայն հեռակա մարտերը հավանական են ողջ 200-կմանոց շփման գծին:
Իր հերթին, Աղդամի հարթավայրը կապում է Ղարաբաղի հայաբնակ շրջաններն՝ ու դրա կորուստը կստիպի հայերին հրթիռներ գործարկել ադրբեջանական քաղաքների ուղղությամբ: Բաքուն կպատասխանի Նախիջևանից՝ Հայաստանին հարվածելով: Աղդամի ուղղությունն ամենաթույլ օղակն է նաև ադրբեջանցիների համար. այն խիտ բնակեցված է, հայկական դիրքերը մոտ են այնքան, որ «լսվում է աշխատող տրակտորների ձայնը»:
Կողմերի զորանոցի մասին խոսելուց հեղինակները, մասնավորապես, նշում են, որ ոչ ոք չունի առավելություն հրետանու հարցում: Չնայած դրան, նույնիսկ հայկական փորձագետներն ընդունում են ադրբեջանական կողմի ընդհանուր տեխնիկական ու քանակական առավելությունը: Փոխարենը հայկական կողմը շատ լավ տիրապետում է տեղանքին ու պաշտպանական հզոր ենթակառուցվածք է ստեղծել:
Զեկույցի հեղինակները նշում են, որ ապրիլի առաջին օրերին ԼՂ բազմաթիվ կամավորներ մեկնեցին, ու մայրաքաղաքից մինչև հեռու գյուղեր ամենուր բանակի համար օգնություն էր հավաքվում: «Սոցիալական աննախադեպ համախմբումը, որը ծագեց զոհերի մասին տեղեկատվությունից հետո, լրջագույն խնդիր դարձավ իշխանության համար», - ասվում է զեկույցում:
Միջազգային միջնորդությունը լճանում է
«Քաղաքական և անվտանգության պայմանները, որոնք հակամարտության սրման հանգեցրին 2016-ի ապրիլին, ավելի սուր են դարձել, և երկու կողմն էլ արդեն իսկ սկսված էսկալացիայի նոր ալիք է ստեղծում: 2017-ի հունվարի կեսերից ի վեր ծանր հրետանու և հակատանկային զենքերի կիրառմամբ ողբերգական միջադեպեր են տեղի ունենում: Մայիսին լարվածության զգալի սրում է նկատվել` հաշվի առնելով շփման գծի երկայնքով գտնվող բնակելի շրջաններում ինքնակառավարվող հրթիռների կիրառման մասին զեկույցները: Այս լարվածությունը կարող է վերածվել լայնածավալ հակամարտության, որն էլ կհանգեցնի նշանակալից կորուստների քաղաքացիների շրջանում և հավանաբար կբերի տարածաշրջանում հզոր ուժերի` Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի միջամտությանը»,- ասվում է ճգնաժամային խմբի կայքում:
«Մինչ բռնության մակարդակը մնում է համեմատաբար ցածր, ցանկացած էսկալացիա կարող է արագ դուրս գալ հսկողությունից, ու ավելի մահաբեր մարտական գործողությունների վտանգը՝ ծայրահեղ կործանարար զենքի կիրառումով, իրական է։ Ապագա էսկալացիան զսպելու անկարողությունը, հավանաբար կհանգեցնի ծանր զոհերի՝ օտարերկրյա ինտերվենցիայի հետ համադրությամբ։ Տարածաշրջանային տերություններից ցանկացածի զորքերի տեղակայումը խորը ազդեցություն կթողնի Հայաստանի ու Ադրբեջանի ու նրանք ինքնիշխանության վրա՝ մինչ երկու երկրներն էլ հենց նոր են նշել անկախության 25-րդ տարեդարձը»,- ասվում է զեկույցում։
Վերլուծաբանները նշում են, որ Հայաստանը, որը մտահոգված է Լեռնային Ղարաբաղի անվտանգությամբ ու վրդովված Բաքվի համառությամբ, պնդում է, որ անվտանգության սպառնալիքները նվազեցվեն մինչեւ առարկայական բանակցությունների սկիզբը։ Միաժամանակ Ադրբեջանը հիասթափված է ստատուս – քվոյի բազմամյա պահպանումով ու մտահոգված է նրանով, որ անվտանգության լրացուցիչ միջոցառումները կարող են ավելի ամրապնդել այն։
Ինչպես ընդգծում են խմբի փորձագետները, ցանացած կենսունակ կարգավորման հիմնական սկզբունքները պարզորոշ են. «կարգավիճակ հողի դիմաց» բանաձևի տարբերակները` զուգորդված ուժեղ անվտանգության միջազգային երաշխիքներով, սակայն դրանք հիմնված են փոխադարձ զիջումների վրա, որը կողմերից ոչ մեկին էլ ձեռք չի տալիս:
«Որքան լարվածությունը սրվում է, այնքան միջազգային միջնորդությունը լճանում է: Ամենահզոր օտարերկրյա ազդեցիկ ուժը Ռուսաստանն է, թեև նրա դերակատարումը բարդ է: Այն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից է, սակայն մյուս կողմից` Ադրբեջանին և Հայաստանի զենքի հիմնական մատակարարն է` կասկած առաջացնելով, որ ավելի շատ հետաքրքրված է տարածաշրջանում իր ազդեցությունը մեծացնելու, քան հակամարտությունը կարավորելու հարցում»- ասվում է զեկույցում:
«Սակայն Արևմուտքի էական մասնացության բացակայության պատճառով ռուսական միջնորդությանը ռեալ այլընտրանք Երևանն ու Բաքուն չունեն», - նշվում է զեկույցում:
Նշենք, սակայն, որ անցյալ տրվա ապրիլին ԼՂ հակամարտության գոտում բռնկված լայնածավալ ռազմական գործողությունները հնարավոր եղավ դադարեցնել միայն Ռուսաստանի գործուն միջնորդական ջանքերի և կողմերի վրա ունեցած ազդեցության շնորհիվ:
Ճնշման հրամայականը
Վերլուծաբանների կարծիքով, պատերազմի վերսկսումը թույլ չտալու լավագույն միջոցը Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի համակարգված գործողություններն են։ «Նրանք նաեւ պետք է ճնշում գործադրեն Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների վրա, որպեսզի մեղմեն թշնամական հռետորաբանությունը, մեղմեն իրենց բանակցային դիրքորոշումները ու ընդունեն, մասնավոր կարգով, այլ ոչ թե հրապարակվ, որ այդ հակամարտությունը ի վերջո կկարգավորվի միայն բանակցային ուղով, այլ ոչ թե ուժով»,- ամփոփում են հեղինակները։