24.11.2024
ՆԱՏՕ անդամ երկրները դեմ են 2018թ. ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը Թուրքիայում անցկացնելուն. Die Welt
prev Նախորդ նորություն

Ի դեմս Մակրոնի՝ Մերկելը լավ դաշնակից է ձեռք բերել

Սիցիլիայում կայացած «մեծ յոթյակի» գագաթնաժողովից վերադառնալուց մի քանի ժամ հետո Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը միանգամից սկսել է զբաղվել իր նախընտրական քարոզչությամբ ու անցել է գրոհի։ Այս մասին իր հոդվածում գրում է Կարնեգի կենտրոնի ավագ գիտաշխատող ու «Ռազմավարական Եվրոպա» բլոգի գլխավոր խմբագիր Ջուդի Դեմփսին։

Նրա խոսքով, Բավարիայում նախընտրական հանրահավաքի ընթացքում Մերկելը ուժեղ տնտեսության ու ցածր գործազրկության մասին պատմելու փոխարեն գրոհել է ԱՄՆ վարչակազմի վրա՝ հայտնելով, որ Եվրոպան պետք է իր սեփական ուժերին ապավինի։

«Կանցլերի մեկնաբանությունները Վաշինգտոնին չէին ուղղված, դրանք գերմանացիներին էին ուղղված», գրում է Դեմփսին, հավելելով, որ այսպիսով Մերկելը չի ուզում զիջել իր միավորները սոցիալ դեմոկրատներին, որոնք նույնպես օգտագործում են հակաամերիկյան խաղաքարտը։

Վերլուծաբանը ենթադրում է, որ Մերկելը կարող է քննադատել ԱՄՆ-ին մի քանի միավոր շահելու նպատակով, սակայն նա ու նրա պաշտպանության նախարարը ոչ մի պատրանք չունեն Գերմանիայի անվտանգության հարցում Վաշինգտոնի առանցքային դերակատարման վերաբերյալ։

«Այլ կերպ ասած՝ ԱՄՆ-ին քննադատելը լավ է, բայց կարծել, թե Եվրոպան կարող է իր ճանապարհով գնալ անվտանգության ու պաշտպանության ոլորտում, մեղմ ասած, պատրանք է»,- գրում է լրագրողը։

Մինչ Մերկելը նախընտրական քարոզչությամբ է զբաղված՝ Ֆրանսիայի նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնը սկսել է ցույց տալ ղեկավարի իր մոդելը։ Այդ նպատակին առավելագույնս հարմար էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցելությունը։ Մակրոնը աչքի ընկավ Մոսկվային հասցրած հարվածներով։ Նա մասնավորապես քննադատեց ռուսական RT ու Sputnik լրատվամիջոցները՝ Ֆրանսիայի նախագահական ընտրություններին դրանց ենթադրյալ միջամտության համար։ Նա նաեւ Կրեմլին քննադատեց Մարին Լը Պենին աջակցելու համար ու դատապարտեց Պուտինին Սիրիայի նախագահ Բաշար Ասադին աջակցելու համար։ Նաեւ հնարավորությունը բաց չթողեց Ռուսաստանում մարդու իրավունքների վիճակը քննադատելու համար։

«Առայսօր Պուտինի ներքին ու արտաքին քաղաքականության քննադատությունը Մերկելի գործն էր։ Բացառությամբ ԵԽ նախագահ Դոնալդ Տուսկի ՝ ԵՄ-ի մյուս առաջնորդները, մասնավորապես Ֆեդերիկա Մոգերինին, հազվադեպ էին մարտահրավեր նետում Պուտինին։ Հիմա, երբ Մակրոնը տեղավորվել է Ելիսեյան պալատում, Մերկելը ձեռք կբերի արժեքավոր դաշնակից։ Հիմա Փարիզը նրան ավելի շատ է պետք, քան երբեւէ»,- նշում է Դեմփսին։

Վերլուծաբանը համարում է, որ Մակրոնի արտաքին քաղաքականոթյամբ զբաղվող թիմը գուցե նոր մտահղացումներ կունենա հակամարտությանը վերջ տալու համար։ ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու բանակցությունների, ԱՄՆ վարչակազմի անկանխատեսելիության պայմաններում ու Սիրիայի անվերջանալի թվացող պատերազմի պայմաններում, Ֆրանսիայի ու Գերմանիայի առաջնորդներին ավելին է պետք, քան պարզապես հռետորաբանությունը, որպեսզի Եվրոպայի համար նոր քաղաքական ուղի ուրվագծեն։