24.11.2024
Բլոգեր Լապշինի գործով քննությունն ավարտվել է
prev Նախորդ նորություն

Ֆինանսական կրախը շարունակվում է. Moody’s այլևս Բաքվին չի վստահում

Ադրբեջանը եւ վերջինիս խոշորագույն բանկը կորցրել է Moody’s միջազգային վարկանիշային գործակալության վստահությունը:


Նախօրեին Բաքվում կայացած Moody’s Annual Azerbaijan Summit գագաթաժողովի ընթացքում գործակալության փոխնախագահ Պետեր Պակլինը հայտարարել է, որ Moody’s-ն այլեւս չի վստահում Ադրբեջանի ֆինանսների նախարարությանը եւ ադրբեջանական Միջազգային բանկին: Այս մասին հայտնում է EADaily-ի գործակալությունը:


Պետեր Պակլինը մտավախություն է հայտնել, որ ֆինանսական այն խնդիրները, որոնց առջեւ հայտնվել է Ադրբեջանը, «առավել խորը եւ ընդգրկուն են, քան կարող են թվալ»: Միեւնույն ժամանակ՝ սնանկացած ադրբեջանական Միջազգային բանկի առողջացման գործընթացը կարող է վնաս հասցնել պետբյուջեին եւ խոչընդոտել արտասահմանյան ծրագրերի ֆինանսավորմանը:


«Չնայած Ադրբեջանի բանկային սեկտորը մեծ չէ, մի փոքր ավելի է ՀՆԱ-ի կեսից, սակայն պետության կողմից նրան աջակցելուն ուղղված ծախսերը չափազանց մեծ են: Մեր գնահատականներով՝ 2015-2016թթ-ին Ադրբեջանը բանկային սեկտորի աջակցությանն ուղղել է ՀՆԱ-ի 18%-ին համարժեք միջոցներ: Այդ միջոցները հիմնականում ուղղվել են Միջազգային բանկին աջակցելուն»,- ասել է Պակլինը:


Բանկային սեկտորին նման ծավալի աջակցությունը, ըստ մասնագետի՝ աննախադեպ է: Պակլինի խոսքով՝ բանկային սեկտորի համար անակնկալ էր Ադրբեջանի Միջազգային բանկի արտաքին պարտավորությունների վերաբաշխումը: «Տվյալ որոշումը վկայում է, որ կառավարությունն ամբողջ մասշտաբով չէր գնահատել ֆինանսական հատվածում առկա խնդիրները: Դա կբերի հավելյալ ծախսերի եւ հավելյալ բեռ կլինի պետբյուջեի համար»,- հավելել է Պակլինը:


Նա նաեւ նշել է, որ 2015-2016թթ-ին Ադրբեջանի պարտքային բեռը շեշտակի աճել է: Եթե 2014թ-ին Ադրբեջանի պետական պարտքը կազմում էր ՀՆԱ-ի 11%-ը: Ապա 2016թ-ի վերջին այն հասավ ՀՆԱ-ի 40%-ին: Պետպարտքի մակարդակի նման աճը պայմանավորված էր նավթի գնի անկմամբ եւ բանկային հատվածին աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտությամբ:


Հիշեցնենք, որ Ադրբեջանի միջազգային բանկը, որ լրջագույն խնդիրներ է կրում երկրում արժույթի դեֆիցիտի եւ արժութային սուր ճգնաժամի հետեւանքով, դադարեցրել է արտաքին պարտքի վճարումները եւ պարտքի վերակառուցման շուրջ բանակցություններ կսկսի վարկատուների հետ:


Ինչպես հաղորդում է Bloomberg-ը, մասնավորապես, բանկը մայիսի 10-ին բաց է թողել 100 միլիոն դոլարի ստորադաս փոխառության հիմնական մասի եւ տոկոսների գծով վճարումը: Օտարերկրյա արժույթով նրա պարտքերի մի մասը կփոխարինվի Ադրբեջանի սուվերեն պարտատոմսերով, իսկ վերակառուցման առաջարկվող պլանը պարտավորեցնող կդառնա, եթե այն հավանության արժանացնեն վարկատուները, որոնց հասնում է գումարային արտահայտմամբ պարտքերի երկու երրորդը:


Նշվում է, որ 2019 թվականի մարումով բանկի պարտատոմսերի գինը հինգշաբթի 16 տոկոսի անկում է գրանցել, իսկ եկամտաբերությունն աճել է 14,188 տոկոսով: Վճարումների դադարեցման մասին որոշումը բանկն անվանել է «ցավալի»: