Հայաստանի գյուղացիական տնտեսությունների (ԳՏ) մեծամասնությունը գտնում է, որ պարարտանյութերի գները բարձր են: Նրանք կարևորում են նաև պարարտանյութերի դիմաց վճարման ժամկետները՝ ԳՏ-ների ավելի քան 25 տոկոսը գտնում է, որ ցանկալի է, որ գյուղացիները պարարտանյութերի դիմաց վճարեն բերքի իրացումից հետո և մասնաբաժիններով, քանի որ կոնկրետ ժամկետում վճարում կատարելու պատճառով հաճախ ստիպված են լինում պարարտանյութերը պարզապես ձեռք չբերել և հետագայում գնել վերավաճառողներից: Այս մասին ասված է Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնի (ՏԶՀԿ) և Օքսֆամ հայաստանյան գրասենյակի կողմից «Գյուղական խորհրդատվական ծառայություններ» և «Պետական աջակցություն գյուղատնտեսական հողօգտագործողներին մատչելի գներով պարարտանյութերի և դիզելային վառելիքի ձեռքբերման համար» (ՊԱԳՀ) բյուջետային ծրագրերի գնահատման զեկույցներում, որոնց արդյունքները այսօր հրապարակվեցին Երևանում:
Նշենք, որ բյուջետային ծրագրերի գնահատման նպատակն է բարձրացնել ծրագրերի վերաբերյալ հանրային իրազեկվածության մակարդակը, ընդլայնել քննարկումները և երկխոսությունը, աջակցել քաղաքականություն մշակողներին` ծրագրերի արդյունավետության բարձրացման գործում:
Համաձայն զեկույցի, հարցված ԳՏ-ների մոտ 24 տոկոսը գտնում է, որ պարարտանյութերի որակը ցածր է և ավելի որակյալ պարատանյութերի կարիք կա: Այլ նոր տեսակների պարարտանյութերի կարիքի մասին են նշել ԳՏ-ների 2.7 տոկոսը, թունաքիմիկատների՝ 1.8 տոկոսը և համապատասխան խորհրդատվության ստացման՝ կրկին 1.8 տոկոսը: Ծրագրի կատարման ժամկետներից և ուշացումներից դժգոհել է ԳՏ- ների 4 տոկոսը:
Ծրագրերի վերաբերյալ կարծիքները տարբեր են: Այդպես, հիմնական տեղեկացված անձանց գնահատականներով՝ թեև պարարտանյութերի բաշխման գործընթացը թափանցիկ է, սակայն նույն գնահատականը չեն կարող տալ արդեն պարարտանյութերի ձեռք բերման գործընթացի, դրա արդյունավետության և թափանցիկության վերաբերյալ: ԳՏ-ները մեջբերում են կոնկրետ դեպքեր, երբ տարբեր ընկերություններ կամ գործարարներ ավելի էժան գներով պարարտանյութեր են ցանկացել ներմուծել, որոնք երբեմն նաև որակական առումով են գնահատում ավելի արդյունավետ, սակայն Ծրագրի պատճառով ստեղծված մրցակցային անհավասար պայմանները խոչընդոտ են հանդիսացել։
Նշվում է նաև, որ պետության կողմից մատակարար ընկերության ընտրությունն իրականացվում է առանց մրցույթի հայտարարության և հետևաբար այլ ընկերությունները հնարավորություն չունեն ներգրավվել ծրագրում։ Իրավիճակի և ավելի էժան գներով մատակարարման հնարավորությունների կոնկրետ դեպքերի մասին համապատասխան մատակարարները նույնիսկ տեղեկացրել են գյուղատնտեսության նախարարությանը, սակայն դրանից գործընթացի ձևաչափը չի փոխվել և նրանց մրցույթին մասնակցության մասին հնարավորություն չի տրվել:
Ի տարբերություն գործարարների` ոլորտի փորձագետների կարծիքով հնարավոր է պարարտանյութերի արտադրությունը կազմակերպել հենց Հայաստանում, նաև կարելի է կազմակերպել օրգանական պարարտանյութերի արտադրություն: Ցանկացած դեպքում պարարտանյութերը կլինեն ավելի էժան, քան սուբսիդավորված գնով առաջարկվող պարարտանյութերն են։ Նրանց գնահատմամբ` օրգանական պարարտանյութերն ավելի բարձր էֆեկտիվություն ունեն, սակայն ժամանակ կպահանջվի գյուղատնտեսությամբ զբաղվողների ընկալման փոփոխության համար, թեև ներկայումս ՀՀ-ում որոշ ընկերություններ արդեն իսկ սկսել են օրգանական պարարտանյութի արտադրություն իրականացնել։
Ծրագրերի ամփոփումը ցույց է տվել, որ հանրապետության ԳՏ-ներն իրենց գործունեությունը համարում են ցածր արդյունավետ և դրա բարելավման գործում հիմնականում կարևորում են տարբեր կարգի պետական աջակցության դերը, այդ թվում՝ էժան պարարտանյութերով և թունաքիմիկատներով ապահովման հնարավորությունը: Գյուղատնտեսական հողօգտագործողներին պետական աջակցության ծրագրերից վերջին երեք տարիների ընթացքում օգտվել է հետազոտության մասնակցած ԳՏ-ների մոտ 66 տոկոսը: Մասնավորապես, մատչելի գներով որևէ կարգի պարատանյութեր է ձեռք բերել ԳՏ-ների 64.3 տոկոսը, իսկ դիզելային վառելիք՝ 15.6 տոկոսը: Պարատանյութերից չօգտվելու հիմնական պատճառ է հանդիսացել պատվերի ձևակերպման ժամանակահատվածում ֆինանսական ռեսուրսների բացակայությունը՝ 57.4 տոկոս դեպքերում: Անհրաժեշտ չի համարել ԳՏ-ների 15.8 տոկոսը, իսկ 22.3 տոկոսը բաշխվող պարարտանյութերի որակի հետ կապված խնդիրներ է տեսնում:
Զեկույցի հեղինակները նշում են՝ Հանրապետությունում առկա է իրավիճակ, երբ հնարավոր է պարարտանյութերի խնդիրը տեղական արտադրության հաշվին թեկուզ մասամբ լուծել, սակայն այս ուղղությամբ քայլեր չեն ձեռնարկվում և քննարկումները փակուղի են մտնում: Իրավիճակը պահանջում է խնդիրը վերածել ավելի լայն հանրային քննարկումների թեմայի՝ հասկանալու` ինչու են սահմանափակվում թե գյուղատնտեսության և թե ներքին արտադրության, ինչպես նաև մրցակցության զարգացման հնարավորությունները: Անհրաժեշտ է հասարակությանը հիմնավորել այլընտրանքային լուծումների բացակայությունը և վերջիններիս ծախսային ոչ արդյունավետությունը:
Բացի այս, հարկավոր է քննարկել մոնոպոլիաների վիճակը և շուկայի ձախողումները։ Առաջնային հարց է՝ արդյո՞ք կառավարությունը իր գործիքներով չի ստեղծում շուկայի ձախողում։ Հեղինակները նշում են՝ վստահաբար դա կա պարարտանյութի շուկայում։ Այս գործիքի նման ձևով կիրառումը ընդհանրապես պետք է բացառել, քանի որ ազատ շուկայական հարաբերությունների պայմաններոմ Հայաստանում կարող է սահմանվել պարարտանյութի ավելի ցածր գին, քան հիմա սուբսիդավորված գինն է։ Ընդհանրապես, եթե պետական լծակը խեղել է շուկայական մրցակցությունը, ապա անգամ ամենալավ գործիքն այս դեպքում պարունակում է կոռուպցիոն ռիսկեր, որոնք որևէ մեկը վերջիվերջո կիրացնի։
Նշենք նաև, որ բյուջետային ծրագրերը գնահատվել են «Քաղաքականությունների բարելավմանն ուղղված երկխոսություն և քաղաքացիական հասարակության մասնակցության ընդլայնում» ծրագրի շրջանակում:
Լիա Խոջոյան