VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Ժամանակ» թերթը գրում է. «Չի բացառվում, որ 2017-ի աշնանը իշխանության համար պայքարի ամենաթեժ փուլում Սերժ Սարգսյան-Ծառուկյան տանդեմին դեմ դուրս գա Կարեն Կարապետյան-Սամվել Կարապետյան-Հովիկ Աբրահամյան տանդեմը։ Մեր տեղեկություններով՝ Գագիկ Ծառուկյանը Սերժ Սարգսյանին քանիցս հավաստիացրել է, որ իշխանության համար պայքարում աջակցելու է միայն մեկ մարդու, ու այդ մարդը՝ Սերժ Սարգսյանն է։ Ծառուկյանին «իրենցով անելու» բոլոր փորձերը ներիշխանական դաշտերից անհաջողության են մատնվել։ Սամվել Կարապետյան-Հովիկ Աբրահամյանը հանդիպումների արդյունքը եղավ այն, որ վերջերս «Ժամանակ»-ի թղթակցի հետ զրույցում Հովիկ Աբրահամյանը դրական գնահատեց Կարեն Կարապետյանի կառավարության աշխատանքը, մի փաստ, որը ուշադրության չարժանացավ, բայց շատ կարեւոր էր հենց այս հնարավոր տանդեմի տեսանկյունից եւ կոնտեքստում»։
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե չնայած Հովիկ Աբրահամյանը եւ Գագիկ Ծառուկյանը երկբեւեռ խաղ են խաղում, սակայն միմյանց հանդեպ այլ տրամադրվածություն ունեն: Հովիկ Աբրահամյանը հայտարարում է, թե քաղաքականության մեջ է, Գագիկ Ծառուկյանն էլ թե՝ չէ, նախկին վարչապետը քաղաքականությունից դուրս է: Այդուհանդերձ, Ծառուկյանի մերձավոր շրջապատի մարդիկ պնդում են, որ ԲՀԿ ղեկավարն իսկապես չի ցանկանում, որ Արգամիչը քաղաքականություն վերադառնա, որովհետեւ այսպես իրեն ավելի պաշտպանված է զգում, ազատ է «խաղում» Սերժ Սարգսյանի հետ, կառավարության ծրագրին էլ, ամենայն հավանականությամբ, «Ծառուկյան» դաշինքը «կողմ» քվեարկելու իր «ազատ» իրավունքը կիրացնի»:
«Իրատես» թերթը գրում է. «Մինչ Երեւանի ավագանու նոր կազմը կանցնի աշխատանքի, «հին» ավագանին դեռ մեկ նիստ էլ ունի անցկացնելու: Մայիսի 30-ին տեղի է ունենալու այդ կազմով վերջին նիստը, սակայն բոլորի ուշադրությունը սեւեռված է քաղաքային նոր իշխանության ձեւավորման, հատկապես` ՀՀԿ-ի ավագանու թեկնածուների վրա: Ճիշտ է, սա խորհրդարանի գրավչությունը չունի, բայց պակաս հետաքրքրություն չի ներկայացնում ցուցակագրված 195 թեկնածուների համար: Մինչ այդ հիշեցնենք, որ, ըստ ԿԸՀ-ի, ՀՀԿ-ն ավագանիում ունենալու է 46 մանդատ, «Ելք» կուսակցությունների դաշինքը՝ 14, «Երկիր ծիրանի» կուսակցությունը՝ 5։ Այսինքն, Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքներով ՀՀԿ-ն ստացել է 71,25 տոկոս կամ 240034 ձայն, «Ելք» դաշինքը՝ 21 տոկոս կամ 70730 ձայն, իսկ «Երկիր ծիրանի» կուսակցությունը՝ 7,75 տոկոս կամ 26107 ձայն:
«Ելքը» հայտարարել է, թե ովքեր են ավագանու իր անդամները, եւ այստեղ ներքին խմորումներ չկան, «Երկիր ծիրանի» կուսակցության գործերը դեռ շատ խառն են, հայտնի չէ, թե ինչ որոշման կհանգի Զարուհի Փոստանջյանը` կվերցնի՞ մանդատները, թե՞ ոչ: Մեծ իրարանցում է ՀՀԿ-ում: Եթե մյուսների պարագայում ցուցակից ամեն ինչ պարզ էր, այսինքն, առաջին տասնյակում ընդգրկվածները դառնալու են ավագանու անդամներ, ապա ՀՀԿ-ի պարագայում դեռ անակնկալներ կլինեն: Մեր տեղեկություններով, մեծ թվով մարդիկ են վայր դնելու մանդատները, մինչեւ 46-ը եղած մարդկանցից նվազագույնը քսան հոգի ավագանու անդամ չի դառնա: Սա 46-ին հաջորդող թեկնածուներին լուրջ հույսեր է ներշնչել»:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի 6-րդ գումարման Ազգային Ժողովը նոր նախագահ ունի, որն արդեն մեկ շաբաթ է, ինչ կատարում իր պարտականությունները: Ուսումնասիրելով ԱԺ-ի նախագահների պաշտոնավարման հերթականությունն ու ժամկետը, պարզ է դառնում, որ խորհրդարանի խոսնակներից եւ ոչ մեկը չի պաշտոնավարել իր ամբողջ ժամկետով: Եվ այսպես, Գերագույն խորհրդի առաջին նախագահը ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն է եղել: Նա պաշտոնավարել է 1990 թվականի օգոստոսից մինչեւ 1991 թվականի դեկտեմբեր ամիսը: Լեւոն Տեր-Պետրոսյանին այդ պաշտոնում փոխարինել է Բաբկեն Արարքցյանը եւ պաշտոնավարել է մինչեւ 1995 թվականը՝ Գերագույն խորհրդի աշխատանքների ավարտը, իսկ որպես առաջին գումարման ԱԺ նախագահ կրկին ընտրվել է Բաբկեն Արարքցյանը: Նա պաշտոնավարել է մինչեւ 1998 թվականը: 1998 թվականին Բաբկեն Արարքցյանը Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմի հետ հրաժարական տվեց, եւ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվեց Խոսրով Հարությունյանը:
1998 թվականից Խոսրով Հարությունյանը պաշտոնավարեց մինչեւ 1999 թվականը: 1999 թվականին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքում խորհրդարանի խոսնակ ընտրվեց Կարեն Դեմիրճյանը, որը մի քանի ամիս պաշտոնավարեց եւ հոկտեմբերի 27-ի ահաբեկչական ակտի ժամանակ սպանվեց հենց խորհրդարանում: Նույն տարում ԱԺ նախագահ ընտրվեց Արմեն Խաչատրյանը, որը պաշտոնավարեց մինչեւ 2003 թվականը: Երրորդ գումարման Ազգային ժողովի ընտրություններից հետո կոալիցիոն համագործակցության շրջանակում ԱԺ նախագահ ընտրվեց ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը, սակայն նա էլ պաշտոնավարեց մինչեւ 2006 թվականը եւ հրաժարական տվեց: 2006 թվականի խորհրդարանի խոսնակ ընտրվեց Տիգրան Թորոսյանն ու պաշտոնավարեց մինչեւ 2008 թվականը:
2008-ից մինչեւ 2011 թվականն ԱԺ նախագահը Հովիկ Աբրահամյանն էր, իսկ 2011-ից 2012 թվականները՝ Սամվել Նիկոյանը: 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով Հովիկ Աբրահամյանը կրկին ԱԺ նախագահ ընտրվեց: Հովիկ Աբրահամյանը 2014 թվականին նշանակվեց ՀՀ վարչապետ, իսկ ԱԺ նախագահի ընտրվեց Գալուստ Սահակյանը, որը պաշտոնավարեց մինչեւ 2017 թվականը: ՀՀ 6-րդ գումարման Ազգային Ժողովի նախագահ ընտրվեց Արա Բաբլոյանը:
Ազգային Ժողովի «Հանրապետական» խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն armtimes.com-ի հետ զրույցում ասաց, որ չի ցանկանում ենթադրել, թե Արա Բաբլոյանը որքան ժամանակ կպաշտոնավարի: Հարցին՝ Ազգային ժողովի բոլոր նախագահները ինչ-որ օրինաչափությամբ չեն կարողացել պաշտոնավարել ԱԺ նախագահի ողջ ժամկետով, Արա Բաբլոյանի դեպքում հնարավոր համարո՞ւմ եք որ օրինաչափությունը պահպանվի, Գագիկ Մելիքյանը պատասխանեց. «Ես ենթադրություններով չեմ խոսում, «Հանրապետական»-ն աշխատում է այնպես, ինչպես նպատակահարմար է գտնում: Քաղաքական նպատակահարմարությունից ելնելով»:
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ Արամայիս Գրիգորյանը ցանկանալով վրեժ լուծել «Ծառուկյան» դաշինքին հարող մարզպետարանի սոցապահովության բաժնի նախկին պետ Գեղամ Միրզոյանից, աուդիտ է «գործուղել» Արտաշատի թիվ 3 դպրոց, որի տնօրենը վերջինիս քույրն է՝ Մարգուշ Միրզոյանը: Մազրպետը կարողացել է իրականացնել դպրոցը լուծարելու եւ իրեն ոչ հաճելի մարդու քրոջը գործազուրկ դարձնելու իր նպատակը:
Հիշեցնենք, որ մինչ այդ նա աշխատանքից հեռացրել էր մի քանի դպրոցների տնօրենների եւս, որոնք համարվում էին Հովիկ Աբրահամյանի մերձավոր շրջապատից: Այդ մասին գրել էր մամուլը: Մարզպետը տնօրեններին բանավոր մեղադրել էր «Ծառուկյան» դաշինքի օգտին խորհրդարանական ընտրությունների ժամանակ աշխատելու մեջ: Մարզպետի հաշվեհարդարի զոհ դարձավ նաեւ Արտաշատի պոլիկլինիկայի տնօրեն, Արտաշատի նախկին քաղաքապետ։ Գագիկ Մուրադյանի կինը՝ Սերինե Հայրապետյանը:
Արամայիս Գրիգորյանը շարունակում է հարաբերություններ պարզել նաեւ մարզի այն գյուղապետերի հետ, որտեղ բնակիչները ձայն չեն տվել մարզպետի եղբորը՝ Արայիկ Գրիգորյանի օգտին: «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ այդ գյուղապետերը արժանանում են մարզպետի արհամարհանքին, նա միտումնավոր չի ընդունում այդ մարդկանց, չի լսում նրանց խնդիրները, ասելով՝ «Մառոզը ես եմ, դուք եք ուզո՞ւմ մառոզ անել»: Գրեթե բոլորի հետ Արամայիս Գրիգորյանը խոսում է «գրական» ժարգոնով»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Մամուլն արդեն գրել է, որ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունը Էջմիածնում ձերբակալել է զինված հանցախմբի, որը պատրաստվում էր սպանել քրեական հեղինակություն Վստրեչի Ապերին ու Հռոմից նոր վերադարձած Դոն Պիպոյին (Արթուր Ասատրյան): Մեր տեղեկություններով՝ Դոն Պիպոն, ով մեծ հեղինակություն ունի Հռոմում ու խոշոր բիզնեսներ Մոսկվայում, Հայաստան է եկել որդուն ամուսնացնելու: Հարսանիքի նախապատրաստական աշխատանքներն արդեն ավարտել էր, երբ երեկ ձերբակալեցին վերոնշյալ զինված խմբի անդամներին: Ո՞վ է պատվիրատուն: Առայժմ հայտնի չէ: Ինչ վերաբերում է հարսանիքին, ապա, մեր աղբյուրի վկայությամբ՝ Դոն Պիպոն Մոսկվայից արդեն բերել է թանկարժեք, շքեղ ավտոմեքենաներ` արարողությունը իրեն վայել անցկացնելու համար»: