VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ծառուկյան» դաշինքի կազմում ԱԺ պատգամավոր Արգամ Աբրահամյանը, որը Հովիկ Աբրահամյանի որդին է, հայտարարել է Արտաշատի քաղաքապետի ընտրությանը Աբրահամյանների թեկնածու առաջադրելու որոշման մասին: Նա ասել է, թե իր հայրը կայացրել է որոշում, որ առաջադրելու է թեկնածու, սակայն թե ում՝ առայժմ չի կողմնորոշվել: Նշենք, որ ՀՀԿ-ն հակված չի Արտաշատում պաշտպանելու Հովհաննես Ղազարյանի (Գազի Հովո) թեկնածությունը: Վերջինս էլ հակված չէ թույլ տալու իր որդուն առաջադրվել: Եթե հաստատվի, որ Հովիկ Աբրահամյանը սեփական թեկնածուին է առաջադրելու, Գագիկ Ծառուկյանը իր գլխավորած ԲՀԿ-ով չի պաշտպանելու նրան և Աբրահամյանի համար շատ դժվար է լինելու անցկացնել սեփական թեկնածուին: Իսկ եթե ՀՀԿ-ն որոշի որևէ մեկին անցկացնել, ապա դա լինելու է Արայիկ Գրիգորյանի նախընտրած թեկնածուն, որն ամեն ինչ պետք է անի, որ ընտրություններում կարողանա Արտաշատում ստացած 45.339 ձայնը կրկնել և ավելացնել։
«Ժամանակ» թերթը թարունակում է այս թեման ու գրում. «Ծառուկյան» դաշինքի կազմում ԱԺ պատգամավոր Արգամ Աբրահամյանը, որը Հովիկ Աբրահամյանի որդին է, հայտարարել է Արտաշատի քաղաքապետի ընտրությանը Աբրահամյանների թեկնածու առաջադրելու որոշման մասին: Նա ասել է, թե իր հայրը կայացրել է որոշում, որ առաջադրելու է թեկնածու, սակայն թե ում՝ առայժմ չի կողմնորոշվել: Արգամ Աբրահամյանը, որ ինքն էր Արտաշատի քաղաքապետ, եւ այդ պաշտոնը փոխեց «Ծառուկյան» դաշինքի մանդատի հետ, ասել է նաեւ, թե չգիտի՝ ինչ է անելու «Ծառուկյան» դաշինքն Արտաշատում, իսկ իրենք առաջադրման որոշում կայացրել են ազգականների նեղ շրջանակով:
Փաստորեն, Արգամ Աբրահամյանը կամա թե ակամա հայտարարում է Աբրահամյան «դաշինքի» գոյության մասին: Եթե Հովիկ Աբրահամյանը կայացրել է Արտաշատում իր թեկնածուին առաջադրելու որոշում, եւ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր նրա որդին այդ շրջանակը գծում է «ազգականների» սահմանով, կնշանակի՝ խոսքը Աբրահամյան «դաշինքի» մասին է: Ինչիպիսի՞ հարաբերություն է ունենալու Աբրահամյան «դաշինքը» «Ծառուկյան» դաշինքի հետ: Ընդ որում, այստեղ հարցը միայն Արտաշատի քաղաքապետի ընտրությունը չէ: Դա կարճաժամկետ հարց է, քանի որ այդ ընտրությանը Հովիկ Աբրահամյանի մասնակցության մասին ազդարարումը ընդամենը վկայում է, որ նա ունի ներքաղաքական գործընթացներին ակտիվ մասնակցությունը վերականգնելու նպատակ կամ ծրագիր, եւ Արտաշատը, այսպես ասած, մեկնակետն է, ցատկահարթակը:
Իհարկե, մեկնարկի հաջողությունն էապես կպայմանավորի, թե ինչպիսին կլինի Աբրահամյանի հետագան: Այստեղ էլ, իհարկե, առաջանում է Աբրահամյան եւ Ծառուկյան դաշինքների խնդիրը՝ դրանք կձուլվեն ժամանակի ընթացքում եւ կդառնան մեկ դաշինք կամ կուսակցությո՞ւն՝ ներգրավելով նաեւ նոր շրջանակներ ՀՀԿ-ից, թե՞ «Ծառուկյան» դաշինքը կլինի ՀՀԿ-ի, ոչ թե Աբրահամյան դաշինքի բուֆերը: Ընդ որում, թե մասնակցելու, թե չմասնակցելու պարագայում: Իհարկե, ընդհանրապես ուշագրավ է հարցը, թե կարո՞ղ է արդյոք ՀՀԿ-ն, այդուհանդերձ, որոշում կայացնել «չվերցնել» Արտաշատը Հովիկ Աբրահամյանից: Դա կախված է, իհարկե, այն բանից, թե Սերժ Սարգսյանը 2018-ի կարճաժամկետ եւ 2022-ի միջնաժամկետ իր պլաններում ինչ «տեղ» է հատկացնում Հովիկ Աբրահամյանին, դիտարկո՞ւմ է նրան որպես գործիքակազմ, թե՞ ոչ: Եթե այո, ապա Արտաշատում Հովիկ Աբրահամյանը եթե անգամ չարձանագրի հաղթանակ, ապա ցույց կտա այնպիսի դիմադրություն, որը նրա համար կլինի հաջորդ «քաղաքական» քայլերի բազա: Իսկ եթե ոչ, ապա Սերժ Սարգսյանը նրա «քաղաքական» հայտը «կխեղդի օրորոցում»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի տասնյակ դպրոցներում այս տարի վերջին զանգ չի հնչի. պատճառը շրջանավարտների բացակայությունն է: Նման խնդիր առկա է սահմանամերձ մարզերում: Օրինակ՝ Սյունիքի մարզի մի շարք գյուղերի դպրոցներում չկան շրջանավարտներ, իսկ եթե կան՝ երկու-երեքը: Լծեն գյուղը շրջանավարտ չունեցողների թվում է, իսկ գյուղապետ Հրահատ Նիկալյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է. «Գյուղը շատ է դատարկվել, մարդիկ չեն կարողանում այստեղ ապրել»: Սյունիքի մարզի Չափնի գյուղում դպրոց չկա, գյուղն ունի 7 աշակերտ, որոնք էլ հաճախում են հարեւան Եղեգ գյուղի դպրոց: Նույն մարզի Թանահատ գյուղում ո՛չ դպրոց կա, ո՛չ էլ աշակերտ, իսկ Շրվենանց համայնքում արդեն 7 տարի է, ինչ դպրոցը փակվել է, ու ընդհանրապես աշակերտ չունեն: Պատկերը, համաձայնեք, ողբերգական է, եւ այս ամենը արտագաղթի հետեւանք է: Իսկ մինչ այդ, նկատենք, որ այս տարի 9-րդ դասարանը կավարտի 7750, իսկ 12-րդ դասարանը` շուրջ 410 աշակերտ»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Մեկ այլ դեպքում Հանրապետական կուսակցության վերնախավը կսկսեր փնտրել, թե իրենց կուսակիցներից ովքեր են իրենց դեմ քվեարկել: Բայց այս անգամ նրանք անխռով ու անվրդով ընդունեցին Արմեն Աշոտյանի «մազապուրծ հաջողությունը»: Բանն այն է, որ ԱԺ 9 մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածուներից 8–ը հավաքեցին 73 և ավելի ձայներ: Նրանց թվում` և ոչ ՀՀԿ–ականները: Եվ միայն Արմեն Աշոտյանի ձայներն էին անհամեմատ քիչ՝ 56: «Փաստի» տեղեկություններով և՛ ՀՅԴ, և՛ «Ծառուկյան» դաշինքի խմբակցություններից մի քանի հոգի իրենց ձայնը տվել էին Աշոտյանին: Փաստորեն, ավելի քան 20 հանրապետական (ՀՀԿ պատգամավորների գրեթե կեսը) դեմ է քվեարկել Արմեն Աշոտյանին: Այժմ ձևացնում են, թե ոչինչ էլ չի եղել, սակայն այս փաստը կուսակցության ներսում նոր խմորումներ է առաջ բերել: Առաջիկայում, ավելի կարևոր հարցերում անհրաժեշտ ձայներ ապահովելու նպատակով, կուսակցությունը որոշել է մի խումբ մարդկանց «գամերը» ձգել»:
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե ԱԺ-ի ղեկավար կազմի հաստատման ընթացքում հետաքրքիր դրվագ է գրանցվել: Հայտնի է, որ հանձնաժողովների նախագահներից ամենաքիչ ձայներ ստացել էր Արմեն Աշոտյանը. «Ծառուկյան» խմբակցության «շնորհիվ» նա վաստակել էր 56 ձայն: Նորություն չէ նաեւ, որ Արմեն Աշոտյան-Գագիկ Ծառուկյան հարաբերությունները լարված էին, սակայն, որքան էլ պարադոքսալ է, Գագիկ Ծառուկյանը հենց նրան է համարել ԱԺ խոսնակի ամենահարմար թեկնածու: Նեղ շրջապատում, երբ խոսք է եղել ԱԺ խոսնակի թեկնածուների մասին, Ծառուկյանն ասել է, որ եղածների մեջ ամենահարմար թեկնածուն Արմեն Աշոտյանն է, քանի որ «հա՛մ խելացի է, հա՛մ էլ ներկայանալի»:
«Փաստի» տեղեկություններով՝ Տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը «առաջին ձեռից» վերջնականապես ճշտել է, որ ինքը նոր կառավարության կազմում չի լինելու: Ճիշտ է՝ նախկինում մի քանի անգամ անհաջող փորձեր է արել այս ուղղությամբ, սակայն այժմ խաղաղվել է: Մեր աղբյուրի վկայությամբ՝ վարչապետի և Գագիկ Բեգլարյանի հարաբերությունները դրանից չեն վատացել: Ավելին՝ նրանք նորմալ շփումներ են ունենում անհրաժեշտության դեպքում: Բեգլարյանն այժմ լծվել է իր բազմապրոֆիլ բիզնեսի գործերին:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նախորդ տարվա հուլիսին ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամների դեմ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, եւ այն ուղարկվել է դատարան: Սակայն աղմկահարույց այս գործով մի շարք հարցեր մնում են օդից կախված: Մասնավորապես նրանցից չորսին՝ Արմեն Բիլյանին, Վարդան Գերավետյանին, Արայիկ Հակոբյանին ու Հովհաննես Վարդանյանին, ի թիվս այլ արարքների, մեղադրանք է առաջադրվել նաեւ ՊՊԾ գնդի վարչական շենքում տեղադրված բանկոմատից 14 մլն դրամ հափշտակելու համար:
Բայց հետաքրքիրն այն է, որ հափշտակված գումարը այդպես էլ չի հայտնաբերվել: Ու սա այն դեպքում, երբ ՊՊԾ գունդը գրավելուց հետո խմբավորման անդամները տարածքից չեն հեռացել, գտնվել են իրավապահների տեսադաշտում, ասել է, թե գումարը որեւէ կերպ դուրս չի եկել ՊՊԾ գնդի տարածքից եւ չի ծախսվել: Այդ գումարը չի հայտնաբերվել նաեւ խմբավորման անդամների հանձնվելուց հետո իրականացված խուզարկությունների ժամանակ (այս առումով անտրամաբանական է նաեւ գումարը առավել քան ապահով վայրում թաքցնելու տարբերակը, երբ խմբավորման անդամները գիտեին, որ հանձնվելուց հետո երկար տարիների բանտարկություն է իրենց սպասվում): Ու հարց է առաջանում՝ ի՞նչ հիմնավորմամբ է նրանց նման մեղադրանք առաջադրվել, եթե չկա գողոնը: Իսկ միգուցե այն մեջ-մեջ են արել բոլորովին այլ մարդիկ, ոչ խմբավորման կազմից: Ամեն դեպքում այս հարցերի պատասխաններն ակնկալում ենք ստանալ դատարանում, քանի որ նախաքննությունն իրականացրած մարմինը՝ ՀՔԾ-ն, այդպես էլ այս ընթացքում չի պատասխանել «ո՞ւր է գողոնը» հարցին»:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ուրբաթ գիշերը Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Շանգրի Լա» խաղատանը միջադեպ է տեղի ունեցել, որին մասնակցել է նաեւ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանը: Armtimes.com-ի տեղեկություններով՝ միջադեպը ծագել է խաղատան երեք այցելուի ոչ սթափ լինելու պատճառով: Նրանք վեճի են բռնվել խաղատան աշխատակիցների հետ, որը վերաճել է ծեծկռտուքի: «Շանգրի Լա»-ի թիկնազորը հենց խաղատան բակում փորձել է կարգի հրավիրել «անկարգ հաճախորդներին»: Ականատեսների պատմածով՝ նրանց է միացել Էդուարդ Բաբայանը, ում ձեռքին զենք է նկատվել, որից հետո ծեծված երիտասարդներից մեկը փորձել է փախչել, սակայն խաղատան աշխատակիցները բռնել եւ Էդուարդի մոտ են բերել փախչել ցանկացողին, որից հետո ծեծը շարունակվել է: Որոշ տեղեկություններով՝ այդ անձանցից մեկը տեղափոխվել է հիվանդանոց: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից armtimes.com-ին փոխանցեցին, որ նշված միջադեպի վերաբերյալ ոստիկանությունում ահազանգ չեն ստացել, բայց armtimes.com-ի հրապարակումն ուսումնասիրվում է»: