24.11.2024
Իրանի ընտրություններում Ռոհանին անվիճելի առաջատար է և ապահովել է իր հաղթանակը
prev Նախորդ նորություն

Սարգսյանը շնորհավորել է Ռոհանիին Իրանի նախագահի պաշտոնում վերընտրվելու առթիվ

Իրանի եւ ՀՀ նախագահներ Սերժ Սարգսյանը և Հասան Ռոհանին, Ֆոտո՝ president.am
Իրանի եւ ՀՀ նախագահներ Սերժ Սարգսյանը և Հասան Ռոհանին, Ֆոտո՝ president.am

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանիին՝ ԻԻՀ Նախագահի ընտրություններում տարած համոզիչ հաղթանակի և այդ բարձր ու պատասխանատու պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ, այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։


«Վստահ եմ, որ Ձեր հետագա պաշտոնավարման ընթացքում բարեկամ և հարևան Իրանը կշարունակի իր վերընթաց զարգացման ուղին՝ կարևոր և նշանակալի ներդրում ունենալով տարածաշրջանային խաղաղության և կայունության հաստատման գործում:


Լիահույս եմ, որ մեր համատեղ ջանքերի շնորհիվ հայ-իրանական ավանդական ջերմ և բարեկամական հարաբերությունները կշարունակեն զարգանալ և ամրապնդվել բոլոր բնագավառներում՝ արձանագրելով մեր ժողովուրդների միջև փոխգործակցության որակական նոր մակարդակ:


Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, նորանոր հաջողություններ Ձեր նախաձեռնություններում, իսկ Իրանի բարեկամ ժողովրդին` հարատև խաղաղություն և բարօրություն»,- ասված է Հանրապետության Նախագահի շնորհավորական ուղերձում:


Իրանում մայիսի 19-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքում հաղթել է գործող նախագահ Հասան Ռոհանին: Ըստ վերջին տվյալների՝ Հասան Ռոհանին հավաքել է ձայների 23,5 մլն (57%), իսկ նրա գլխավոր մրցակից, նախկին գլխավոր դատախազ Իբրահիմ Ռաիսին՝ 15 մլն ձայն (39,8%):