Իրանի ընտրություններում Ռոհանին անվիճելի առաջատար է և ապահովել է իր հաղթանակը
Իրանի գործող նախագահ Հասան Ռոհանին մայիսի 19-ին կայացած նախագահական ընտրությունների անվիճելի առաջատարն է և, ըստ ամենայնի, նա ապահովել է իր հաղթանակը ու կընտրվի պաշտոնավարման 2-րդ ժամկետի համար:
Նախնական տվյալների համաձայն՝ Ռոհանիի օգտին է քվեարկել 22,7 մլն, մինչդեռ նրա գլխավոր մրցակից Իբրահիմ Ռաիսիի օգտին՝ 15,2 մլն մարդ: Երկրի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ 68-ամյա Ռոհանին ստացել է 14.619 մլն ձայն, իսկ 56-ամյա այաթոլա Իբրահիմ Ռաիսին՝ 10.125 մլն: «Արդեն ամեն ինչ պարզ է, հաղթողը Ռոհանին է»,-Reuters-ի հետ զրույցում ասել է անանուն աղբյուրը:
Նա նաև մանրամասնել է, որ մինչև հիմա հաշվվել է 37 մլն ձայն, ևս 4 մլն ձայն պետք է հաշվվի:
Իրանի նախագահական ընտրություններին մասնակցությունը կազմել է մոտ 70 տոկոս: Ընտրություններին քվեարկել է ավելի քան 40 մլն մարդ, ինչը կազմում է գրանցված ընտրողների մոտ 70 տոկոսը։
Իրանի նախագահի թեկնածուները չորսն են՝ գործող նախագահ Հասան Ռոհանին, այաթոլա Իբրահիմ Ռաիսին, նախկին փոխնախագահ Մոստաֆա Հաշեմի Տաբան և մշակույթի նախկին նախարար Մոստաֆա Աղա Միրսալիմը։
Հիշեցնենք, որ Իրանում նախագահական ընտրությունների հետ մեկտեղ տեղի են ունենցել նաեւ քաղաքային խորհուրդների ընտրությունները: Ձայնի իրավունք ունի մոտ 56 միլիոն մարդ: