24.11.2024
ԱԺ նախագահ Արա Բաբլոյան
prev Նախորդ նորություն

Եռանախագահների ոչ ստանդարտ հայտարարությունը հստակ մատնանշում է մեղավոր կողմին. Նալբանդյան

Մայիսի 19-ին աշխատանքային այցով Կիպրոսում գտնվող Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին։


Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը քննարկվել են Եվրոպայի խորհրդում Հայաստանի ներգրավվածությանը առնչվող մի շարք հարցեր։


Այդ համատեքստում անդրադարձ է արվել Հայաստան - Եվրոպայի խորհուրդ գործողությունների ծրագրի արդյունավետ իրականացմանը։ Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատարն ու Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը քննարկել են կազմակերպության առջև ծառացած մի շարք խնդիրներին լուծումներ գտնելու հնարավորությունը:


ԵԽ գլխավոր քարտուղարը բարձր է գնահատել Հայաստանի և Եվրոպայի խորհրդի միջև հաստատված արդյունավետ համագործակցությունը։ Էդվարդ Նալբանդյանը Թորբյորն Յագլանդին ներկայացրել է Հայաստանում ապրիլին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները։


Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բարձր է գնահատել ժողովրդավարական հաստատությունների և ընտրական գործընթացների ամրապնդմանն ուղղված բարեփոխումներում միջազգային գործընկերների ներդրումը, ներառյալ՝ Եվրոպայի խորհրդի և Վենետիկի հանձնաժողովի կողմից տրամադրված փորձագիտական աջակցությունը: Զրույցի ընթացքում անդրադարձ է արվել ԵԽԽՎ-ում ընթացող զարգացումներին և ԵԽ խորհրդարանական վեհաժողովի հանդեպ վստահության վերականգման նպատակով գործնական քայլերի ձեռնարկման անհրաժեշտությանը։ Էդվարդ Նալբանդյանը Թորբյորն Յագլանդին ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման առաջ մղման նպատակով համապատասխան պայմաններ ստեղծելու ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող ջանքերը։


Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ Բաքուն անում է ամեն հնարավորը՝ խաղաղության գործընթացը խաթարելու ուղղությամբ. «Հակառակվելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների և միջազգային հանրության հետևողական պահանջներին՝ խստորեն պահպանելու հրադադարի ռեժիմը, Ադրբեջանը շարունակում է կոպտորեն խախտել եռակողմ անժամկետ զինադադարի համաձայնագրերը»,- ասել է նա։


Էդվարդ Նալբանդյանն ընդգծել է, որ Հայաստանը մշտապես կոչ է անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին անվանական մատնանշել զինադադարի ռեժիմի խախտման համար պատասխանատու նախահարձակ կողմին։ «Մերժելով հետաքննության մեխանիզմի ստեղծումը՝ Ադրբեջանը ցանկանում է խույս տալ իր կողմից զինադադարի պարբերական խախտումների պատասխանատվությունից, սակայն եռանախագահների երեկ տարածած ոչ ստանդարտ հայտարարությունը հստակ կերպով մատնանշում է մեղավոր կողմին», - շեշտել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։


Հիշեցնենք, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ) մայիսի 18­- ին հայտարարություն են տարածել Ադրբեջանի կողմից տարածաշրջանում իրադրության լարման վերաբերյալ: Ասված է, որ համաձայն տարբեր վստահելի աղբյուրներից ստացած տեղեկատվության՝ մայիսի 15­- ին Ադրբեջանի զինված ուժերը շփման գծում հրթիռ է արձակել՝ խոցելով
ռազմական տեխնիկա:


Մայիսի 16­ի երեկոյից մինչև մայիսի 17­ը հայկական զինված ուժերը պատասխանել են տարբեր տրամաչափի ականանետային կրակահերթերով: Երկու կողմերի այդ գործողությունները հրադադարի ռեժիմի լուրջ խախտում են և անհանգստության պատճառ: