24.11.2024
ՀՔԾ. Եվս մեկ ՊԵԿ աշխատակից է ձերբակալվել ադրբեջանական խնձորի գործով
prev Նախորդ նորություն

Զբոսաշրջությունն Արցախում. այցելուները հիմնականում ԱՄՆ-ից, ՌԴ-ից եւ Իրանից են

2017 թվականի առաջին եռամսյակում Արցախում գրանցվել է ներգնա զբոսաշրջիկների թվաքանակի 10 տոկոս աճ 2016 թվականի նույն ժամանակահատվածի հետ համեմատ: Այ մասին հայտնում է ԱՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը՝ միեւնույն ժամանակ չնեկայացնելով Արցախ այցելած զբոսաշրջիկների հստակ թվեր:


Ինչպես հայտնում են ԱՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչությունից, առաջին եռամսյակում Արցախ են այցելել հիմնականում ՌԴ, ԱՄՆ, Իրանի եւ եվրոպական մի շարք երկրների քաղաքացիներ:


Առաջին եռամսյակում ամենաայցեվող զբոսաշրջավայրերի շարքում են Տիգրանակերտի արգելոցը, Գանձասարի վանական համալիրը, Հունոտի կիրճ բնապատմական արգելոցը եւ Ծաղկաշատի ազգագրական համալիրը՝ Նիկոլ Դումանի տուն-թանգարանով հանդերձ: Հետաքրքրության աճ է նկատվում նաեւ Տողի մելիքական ապարանք արգելոցի նկատմամբ:


Զբոսաշրջիկների այցելության հիմնական նպատակն է ճանաչողական հանգստի կազմակերպումը Արցախում:


ԱՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ս. Շահվերդյանի խոսքով, զբոսաշրջային սեզոնին ընդառաջ նման տվյալների արձանագրումը խոստումնալից է, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ խոսքը վերաբերում է միայն օտարերկրյա քաղաքացիներին, ովքեր մուտքի արտոնագրեր են ստացել Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում:


Միեւնույն ժամանակ, վերջերս ԱՀ էկոնոմիկայի նախարարությունից b4b.am կայքին տրամադրած տվյալներից պարզ է դառնում, որ 2016 թվականին Արցախ են այցելել մոտ 14 հազար զբոսաշրջիկ։ Միեւնույն ժամանակ այդ 14 հազարը ոչ թե այցելուների թիվն է, այլ կոնկրետ զբոսաշրջիկների (այցելուների թիվն ավելի մեծ է)։ Եվ այդ 14 հազարի մեջ չեն մտնում Հայաստանի Հանրապետության քաղաքացիները։


Համաձայան հրապարակման, Արցախ այցելող զբոսաշրջիկների աշխարհագրական բաշխվածությունը բավականին դիվերսիֆիկացված է։ Արցախի էկոնոմիկայի նախարարության կողմից B4B.am-ին տրամադրված տվյալների համաձայն՝ 2016 թվականին Արցախ են այցելել 80 երկրների քաղաքացիներ։


Ամենից շատ այցելել են Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները՝ 6178 մարդ։ ԱՄՆ-ից Արցախ են այցելել 1479 զբոսաշրջիկներ, Իրանից՝ 737, Ֆրանսիայից՝ 668։ Առաջին տասնյակի մեջ են մտնում նաեւ Գերմանիան, Լիբանանը, Ուկրաինան, Կանադան եւ Չինաստանը։


Ըստ պաշտոնական վիճակագրության՝ 2016 թվականին Արցախ այցելած միջազգային զբոսաշրջիկների 91%-ը (12784 մարդ) եկել են հանգստի և ժամանցի նպատակով։ 1162 հոգի ժամանել են գործնական նպատակներով։ Կան նաև կրթության նպատակով Արցախ այցելողներ՝ 14 հոգի (այդ թվում՝ Ռուսաստանի, Գերմանիայի և Ֆրանսիայի քաղաքացիներ)։


Հատկանշական է, որ 2000-ականների կեսերից սկսած՝ Արցախ այցելող միջազգային զբոսաշրջիկների թիվը սկսեց կայուն աճել. տարեկան միջինը 5 հազար հոգուց հասավ 15-16 հազարի։ 


Զբոսաշրջության աճի տեմպի և դրա փոփոխության վերաբերյալ վերլուծություն չկա, սակայն կարելի է ենթադրել, որ վերջին շրջանում զբոսաշրջիկների ներհոսքի դանդաղումը պայմանավորված է Ադրբեջանի ագրեսիվ վարքագծով և սահմանի վրա հաճախակի դարձած պրովոկացիաներով։