Վերջին երկու տարվա անընդմեջ անկումից հետո 2017 թ-ի առաջին եռամսյակում Հայաստան հոսող մասնավոր տրանսֆերտները 14 տոկոսով աճլեն և կազմել են 312.9 միլիոն դոլար:
Ինչպես հայտնում են Կենտրոնական բանկից, տրասֆերտների անկում է տեղի ունեցել 2015-2016 թվականներին: Հասկանալու համար մասնավոր տրասնֆերտների նշանակությունը Հայաստանի տնտեսության համար, նշենք, որ եթե անցած տարի երկրի ողջ տնտեսությունը, ըստ Համաշխարհային բանկի, կազմել է 10.5 միլիարդ դոլար, ապա մասնավոր տրասնֆերտները 1.5 միլիարդ էին:
Ռուսաստանից ստացվող տրանսֆերտների աճը, մեղմ ասած, կտրուկ է` 50.5 միլիոնից այդ ցուցանիշը հասել է մոտ 100 միլիոնի, այսինքն միանգամից կրկնապատկվել է: Սա աննախադեպ եւ տարօրինակ աճ է:
Տրանսֆերտների ներհոսքը նվազել է ԱՄՆ-ից եւ Գերմանիայից: ԱՄՆ-ի դեպքում նվազումը ավելի քան 10 անգամ է, Գերմանիայի դեպքում`մոտ 20 անգամ: Ի՞նչն է այստեղ հատկապես ուշագրավ: Այս երկրներից ընդհանուր ներհոսքը շատ կտրուկ չի փոխվել: Կտրուկ մեծացել է արտահոսքը: Նույնիսկ փետրվարին դեպի ԱՄՆ արտահոսքը ավելի մեծ է եղել, քան ներհոսքը:
«Այսինքն, եթե սա դիտարկենք մասնավոր տրանսֆերտների վերաբերյալ հանրության ունեցած պատկերացումների շրջանակներոմ, ըստ որի` տրանսֆերտների մեծ մասը ուղարկում են արտագնա աշխատանքի մեկնած մեր հայրենակիցները իրենց` այստեղ մնացած ընտանիքներին պահելու համար, ապա կստացվի, որ ԱՄՆ-ից մարդիկ խոպան են եկել Հայաստան, որ կարողանան կերակրել ԱՄՆ-ում մնացած իրենց սոցիալապես անապահով ընտանիքներին», - նշում է «Հայկական ժամանակ» թերթը:
Հատկանշական է, որ դեռ ամիսներ առաջ Հայաստանի գործատուների միության գործադիր տնօրեն Գագիկ Մակարյանը նշում էր, որ ՀՀ-ում աղքատության վերացման համար Ռուսաստանից 40 տոկոսով շատ տրանսֆերտներ են պետք։ Իսկ Հայաստանում, ըստ պաշտոնական տվյալների, բնակչության 1/3 աղքատ է:
Նրա խոսքով, հաշվի առնելով հանրապետությունում աղքատության ներկա մակարդակը՝ 29․8 տոկոս, այն հաղթահարելու երեք ուղի կա՝ կամ օգնել բիզնեսին 100 հազար աշխատատեղ ստեղծել, կամ փորձել Ռուսաստանում աշխատող աշխատանքային միգրանտներից 40 տոկոսով շատ դրամական փոխանցումներ ստանալ։
«Դրա վրա կարելի է հույս դնել. եթե 2015-ին Ռուսաստանում տնտեսական անկումը 3․7 տոկոս էր, 2016-ին՝ 0․8 տոկոս, ապա 2017-ին ակնկալվում է 1․1 տոկոսի աճ»,- նկատել էր Մակարյանը։