VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» թերթը գրում է. «Պարզվում է, Առաքել Մովսիսյանը՝ Շմայսը, եւ գեներալ Մանվելը արտերկրում ապաստան խնդրող մեր հայրենակիցների գլխավոր «զենքն» են եղել։ Քաղաքական ապաստան խնդրող մեր հայրենակիցներն իրենց հալածյալ լինելը հիմնավորել են՝ տեղի իշխանություններին ներկայացնելով այս անձանց արարքները, մամուլում հրապարակված նյութերը։ Բայց «Հրապարակ»-ի ֆրանսահայ հայրենակիցներից մեկն օրերս տեղեկացրեց, որ արդեն այդ արգումենտը չի աշխատում՝ ապաստան տվող մարմինները հորդորել են այլեւս այդ պաստառներով չներկայանալ իրենց։ Հիմա, ասում են, բախտը ժպտում է նրանց, որոնք ընդդիմության հանրահավաքներին իրենց մասնակցությունը փաստող լուսանկարներ են ներկայացնում»:
«Ժողովուրդը» գրում է. «Գյումրիի նախկին քաղաքապետ, նոր խորհրդարանի պատգամավոր Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակի մասնակցությամբ հերթական միջադեպը մեծ աղմուկ է բարձրացրել: Պատճառը, սակայն, ոչ թե Սպարտակի կողմից հերթական մարդուն ծեծի ենթարկելն է (սա վաղուց ի վեր դարձել է սովորական երեւույթ), այլ որ կատարվածի մասին իրավապահները ղեկավար կազմին չեն զեկուցել եւ պատշաճ ընթացք չեն տվել: Դեռ ավելին՝ մոտ 10 օր առաջ կատարված դեպքով ոստիկանությունը միայն երեկ է սկսել հետաքրքրվել՝ «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակումից հետո: Այսինքն՝ եթե մենք չգրեինք, տեղի իրավապահները պարզապես կկոծկեին կատարվածը, առավել եւս, երբ տուժածներից մեկին էլ իրավապահներն այս օրերին չեն կարող գտնել. հավանաբար, վնասվածքները այն աստիճան ծանր են, որ թաքցրել են՝ հնարավոր բարդություններից խուսափելու համար: Փոխարենը երեկ ոստիկանություն է տարվել Սպարտակ Ղուկասյանը, չնայած հայրը՝ Վարդան Ղուկասյանը, ողջ օրը տարբեր լրատվամիջոցներով հերքում էր միջադեպի մասին լուրերը՝ վիրավորելով դեպքը բացահայտած լրատվամիջոցին»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը քաղաքականության մեջ մնալու/ վերադառնալու մի քանի տարբերակ է մտածում։ Առաջինը՝ ինչ որ քաղաքական ֆորմացիա կազմավորել վերջին ընտրություններում ԱԺ-ից դուրս մնացածների հետ, օրինակ՝ Վարդան Այվազյան, Աշոտ Աղաբաբյան (Բուռնաշ) եւ այլք, մյուս տարբերակը՝ «Ծառուկյան» դաշինքի միջոցով, ԲՀԿ անդամ դառնալու ճանապարհով եւ Սերժ Սարգսյան-Կարեն Կարապետյան հարաբերությունների ավելի սրվելու դեպքում հստակ կողմ դառնալով։ Չի բացառվում, որ Արգամիչը որոշի աջակցել հենց Սերժ Սարգսյանի կողմը»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախկին գլխավոր դատախազ, ապա նախագահի խորհրդական, այժմ ՀՀԿ համամասնական ցուցակով պատգամավոր դարձած Գեւորգ Կոստանյանը մանդատ ստանալուն պես պետք է վայր դնի ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության ներկայացուցչի լիազորությունները, քանի որ այն անհամատեղելի է քաղաքական պաշտոնի հետ: Դա նշանակում է, որ կարեւոր պաշտոններից մեկը թափուր է՝ ո՞վ կդառնա ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ: Նրա տեղակալն արդարադատության փոխնախարար Արտակ Ասատրյանն էր, նրանից բացի՝ կան երեք փոխարինող դատավորներ, ովքեր օգնում են ՀՀ կառավարության ներկայացուցչին: Կոստանյանին օգնում են ներկայիս ՄԻՊ Արման Թաթոյանը, իր նախկին տեղակալ, այժմ ԼՂՀ նախագահի խորհրդական Էմիլ Բաբայանը, ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Սիրանուշ Սահակյանը: Տրամաբանորեն, Կոստանյանի՝ պատգամավոր դառնալուց հետո նրանցից մեկնումեկը պետք է դառնա ՀՀ կառավարության ներկայացուցիչ: Սակայն Թաթոյանի դեպքում հնարավոր չի լինի համատեղել, այսինքն՝ մնում է երկու թեկնածու՝ Սիրանուշ Սահակյանը եւ Էմիլ Բաբայանը։ ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչը պետք է լինի միջազգային իրավունքի լավ մասնագետ, կատարյալ տիրապետի օտար լեզուների»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքն» ընտրություններից հետո անհետացել է քաղաքական ռադարներից։ Ասում են՝ կարող է անգամ լուծարվել։ Դաշինքի ներկայացուցիչները քաղաքական time out-ի մեջ են։ Օրինակ՝ Արմեն Մարտիրոսյանը կամ չի պատասխանում զանգերին, կամ ասում է՝ ես քաղաքական արձակուրդի մեջ եմ։ Ստեփան Մարգարյանն էլ պատգամավորական գործերն է ավարտում՝ մինչեւ մայիսի 18-ը նրանք դեռ պատգամավոր են։ Երեկ, օրինակ, նա Եվրամիության ներկայացուցիչների հետ էր հանդիպում։ Բայց «Հրապարակ»-ի հետ զրույցում նշեց, որ հետընտրական թեմաներով չի ցանկանում խոսել։ Նա համաձայնեց, որ դաշինքն առանձնապես ակտիվ չէ, ասաց, որ մեկումեջ որոշ անդամներ հանդիպում են իրար՝ ոչ ավելին։ Սեյրան Օհանյանն էլ, որը երկրում չէր, կարող է տեղափոխվել Ռուսաստան։ Ըստ որոշ լուրերի՝ աշխատանքի առաջարկ է ստացել։ Մարգարյանը խոստացավ խոսել ավելի ուշ՝ մի քիչ անցնի, հետո»։
«Ժամանակ» թերթը գրում է. «Երկուշաբթի օրը Գագիկ Ծառուկյանը «Ծառուկյան» դաշինքի բոլոր պատգամավորներին հրավիրել է ընդունելության։ Ուշագրավ է, որ հրավիրվածների մեջ են նաև դաշինքի այն ութ անդամները, ովքեր իր կամքին հակառակ մանդատ էին ստացել ԿԸՀ-ից։ Մեզ հասած տեղեկություններով՝ բոլորը ներկա են գտնվելու, բացի Խաչիկ Մանուկյանից։ Ծառուկյանի ընդունելությանը ներկա են լինելու նաև նրանք, ովքեր դառնալու են պատգամավոր, «ըմբոստների»՝ մանդատները վայր դնելուց հետո։ Ծառուկյանը ընդհանուր անելիքներն է ներկայացնելու ԱԺ-ում առաջիկա ժամանակահատվածի համար։ Այն ընդհանուր առմամբ բաժանվում է 2017թ․ մայիսի 18-ից մինչև 2018թ․ ապրիլի 9-ը ու դրանից հետո։ Հաջորդ տարի, արդեն կասկածից վեր է, որ «Ծառուկյան» դաշինքը մաս է կազմելու նոր կառավարությանը»։