ՀՔԾ. Եվս մեկ ՊԵԿ աշխատակից է ձերբակալվել ադրբեջանական խնձորի գործով
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ գյուղատնտեսական տարբեր ապրանքների, այդ թվում` ադրբեջանական ծագման խնձորի ապօրինի ներմուծման և ՀՀ ԿԱ ՊԵԿ աշխատակիցների կողմից կաշառք ստանալու դեպքերի վերաբերյալ քննվող քրեական գործերի շրջանակում ձերբակալվել է ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության Բագրատաշենի բաժանմունքի ևս մեկ մաքսային տեսուչ:
Ինչպես հայտնում են ՀՀ հատուկ քննչական ծառայությունից, վերջինս ձերբակալվել է անհատ ձեռնարկատիրոջից կաշառք ստանալու և նրա օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու կասկածանքով: Ըստ նախաքննության նյութերի` մաքսային տեսուչը կաշառքի դիմաց հիշյալ անձին թույլ է տվել սահմանված կարգի խախտմամբ միրգ-բանջարեղեն ներկրել հանրապետություն:
Մինչ այդ Հատուկ քննչական ծառայությունն արդեն տեղեկացրել է, որ ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության աշխատակիցները որոշ անհատ ձեռնարկատերերի օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար խմբի կազմում` նախնական համաձայնությամբ նրանցից կաշառք են ստացել, որի հետևանքով առանց մաքսային ձևակերպումների և անհրաժեշտ լաբորատոր հետազոտությունների Բագրատաշենի մաքսակետով ներկրվել է օրենքով սահմանված թույլատրելի չափաքանակը գերազանցող (50 կգ) տարբեր տեսակի միրգ-բանջարեղեն: Նախաքննությունը շարունակվում է:
Ավելի վաղ հայտնել էիք, որ նույն գործի շրջանակներում կալանավորվել էին ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության Բագրատաշենի բաժանմունքի մաքսային տեսուչը և նույն բաժանմունքի հերթափոխի պետը ներգրավվել են որպես մեղադրյալներ. վերջիններս կալանավորվել են:
Օրեր առաջ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը հայտարարեց, որ ադրբեջանական խնձորի ներկրման հարցում իր ղեկավարած կառույցը մեղքի բաժին ունի: Նա նշել էր, որ արդեն բացահայտվել է, թե ովքեր են իրականացրել ապօրինի գործունեությունը, սակայն անուններ կամ այլ տեղեկություններ, մասնավորապես կաշառքին վերաբերող, հրապարակել չի կարող՝ գործը գտնվում է քննության փուլում է: