8.10.2026
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Թուրքմենստանի նախագահի հետ
prev Նախորդ նորություն

ԱՄՆ Կոնգրեսի ավելի քան 100 անդամ կոչ է արել դադարեցնել ռազմական օգնությունն Ադրբեջանին

ԱՄՆ Կոնգրեսի ավելի քան 100 անդամ՝ 26 սենատոր և Ներկայացուցիչների պալատի 75 անդամ, դիմել են պետքարտուղար Մարկո Ռուբիոյին՝ կոչ անելով դադարեցնել Ադրբեջանին ռազմական օգնության տրամադրումը։ Պատճառ են դարձել Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների նկատմամբ կայացված դատավճիռները, հայկական քրիստոնեական ժառանգության ոչնչացումը և Հայաստանի ինքնիշխան տարածքի շարունակվող օկուպացիան։


ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի (ANCA) աջակցությամբ պատրաստված երկկուսակցական և երկպալատ նամակը ստորագրել են, մասնավորապես, սենատորներ Գարի Փիթերսը և Ադամ Շիֆը, ինչպես նաև Ներկայացուցիչների պալատի անդամներ Գաս Բիլիրակիսը և Ֆրենկ Փալոնեն։ Նախաձեռնությանը միացել է նաև Սենատի դեմոկրատական փոքրամասնության առաջնորդ Չաք Շումերը։


Նամակը վերաբերում է Դոնալդ Թրամփի վարչակազմի՝ «Ազատության աջակցության մասին» օրենքի (Freedom Support Act) 907-րդ բաժնի գործողության կասեցումը երկարաձգելու որոշմանը։ Այդ դրույթը սահմանափակում է Ադրբեջանին ամերիկյան օգնության տրամադրումը։ Թրամփն առաջին անգամ կասեցրել էր սահմանափակումների կիրառումը 2025 թվականի օգոստոսին՝ Սպիտակ տանը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումից հետո։ 2026 թվականի հուլիսին նա Կոնգրեսին տեղեկացրել էր կասեցումը երկարաձգելու մտադրության մասին։


«ԱՄՆ Կոնգրեսն իր խոսքն ասել է երկկուսակցական և երկպալատ հիմունքներով։ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում 44 կողմ և 7 դեմ ձայներով հայ պատանդներին ազատ արձակելու պահանջի ընդունումից հետո ավելի քան 25 նահանգ ներկայացնող շուրջ 100 օրենսդիրներ կոչ են արել Թրամփի վարչակազմին կիրառել 907-րդ բաժինը և դադարեցնել Ադրբեջանին զենքի և օգնության տրամադրումը», — հայտարարել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը։


Նրա խոսքով՝ Բաքվի նկատմամբ սահմանափակումներից հրաժարվելը խաթարում է խաղաղության գործընթացը և խրախուսում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին շարունակել հայ գերիների պահումը, քրիստոնեական եկեղեցիների ոչնչացումը, հայկական տարածքների օկուպացիան և խոչընդոտել հայ փախստականների անվտանգ վերադարձը Լեռնային Ղարաբաղ։


Հոկտեմբերի 5-ի նամակում ամերիկացի օրենսդիրներն ընդգծում են, որ 907-րդ բաժնի գործողության կասեցումը չի նպաստել հայ ռազմագերիների ազատ արձակման ուղղությամբ Ադրբեջանի կողմից քայլերի ձեռնարկմանը։


«Մենք մտահոգված ենք, որ Ադրբեջանի անհետևողական վարքագիծը վտանգում է տարածաշրջանում արդար և երկարատև խաղաղության հաստատման հեռանկարը։ Առանց այս խնդիրների լուծման 907-րդ բաժնի գործողության կասեցման շարունակությունը միայն կխրախուսի ապակայունացնող գործողությունները», — ասվում է նամակում։


Նամակի հեղինակներն անդրադառնում են նաև Լեռնային Ղարաբաղում հայկական եկեղեցիների ոչնչացմանը, այդ թվում՝ 2026 թվականի ապրիլին Ստեփանակերտում երկու տաճարների քանդմանը, ինչպես նաև 2021–2022 թվականների ռազմական ներխուժումներից հետո Ադրբեջանի զինված ուժերի ներկայությանը Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքի շուրջ 241 քառ. կմ հատվածում։


Նրանք հիշեցնում են, որ 2024 թվականի մայիսին Հայաստանը Ադրբեջանին է փոխանցել չորս գյուղ, մինչդեռ Բաքուն համարժեք քայլեր չի ձեռնարկել՝ իր զորքերը Հայաստանի տարածքից դուրս բերելու ուղղությամբ։


«Ազատության աջակցության մասին» օրենքի 907-րդ բաժինը սահմանափակում է Ադրբեջանին ԱՄՆ օգնության տրամադրումը, քանի դեռ վերջինս չի դադարեցրել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի շրջափակումն ու հարձակողական գործողությունները։ 2002 թվականից ԱՄՆ նախագահն իրավունք ունի տարեկան կտրվածքով կասեցնել այդ սահմանափակումների կիրառումը։


Նամակը ստորագրած օրենսդիրները կոչ են անում ԱՄՆ վարչակազմին զերծ մնալ Ադրբեջանին ռազմական օգնություն տրամադրելուց, քանի դեռ Բաքուն էական քայլեր չի ձեռնարկել հայ գերիներին ազատ արձակելու, հայկական մշակութային ժառանգությունը պաշտպանելու և իր զորքերը Հայաստանի ինքնիշխան տարածքից դուրս բերելու ուղղությամբ։


 

Դատախազությունը պահանջում է բռնագանձել «Այրարատ» կինոթատրոնի շենքը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` kommersant.ru
08.10.2026
«Ռուսական երկաթուղիներ»-ի ղեկավարը կժամանի Հայաստան. Փաշինյանը եկաթուղու մասին