2026-2027 թվականների ձմռանն ընդառաջ Եվրոպան խուսափում է բնական գազի ֆիզիկական պակասից, սակայն հեղուկացված գազից (LNG) մեծացող կախվածությունը հանգեցնում է գների ռեկորդային աճի և շուկայի խիստ անկայունության:
Ֆրանսիական Petrostrategies ընկերության World Energy Weekly հանդեսը, վկայակոչելով Sia խորհրդատվական ընկերության տվյալները, հայտնում է, որ սեպտեմբերի սկզբի դրությամբ եվրոպական գազապահեստները լցված են եղել 65,85 տոկոսով՝ նախորդ հինգ տարիների 80 տոկոս միջին ցուցանիշի փոխարեն:
Ամենաբարդ իրավիճակը Գերմանիայում է, որտեղ պաշարները կազմում են ընդամենը 53,67 տոկոս, մինչդեռ Ֆրանսիայում և Իտալիայում դրանք հասնում են համապատասխանաբար 72 և 83 տոկոսի:
Այդուհանդերձ, էներգետիկայի փորձագետները գլխավոր սպառնալիքը համարում են ոչ թե գազի ֆիզիկական պակասը, այլ գնային կտրուկ տատանումները:
«Հիմնական հետևանքը անվտանգության պաշարի նվազումն է. էներգետիկ համակարգն ավելի կախված է դառնում համաշխարհային LNG շուկայից, եղանակից և նորվեգական գազի հասանելիությունից՝ մեծացնելով առաջիկա ձմռանը բարձր գների և տատանողականության ռիսկը»,- նշում են Sia-ի վերլուծաբանները։
Ռուսական խողովակաշարային մատակարարումներից հրաժարվելը Եվրոպային ստիպել է ամբողջությամբ ապավինել միջազգային շուկային: Ինչպես ընդգծում են փորձագետները՝ «LNG-ն, որը ժամանակին պարզապես տարբերակ և անվտանգության լրացուցիչ պաշար էր, այժմ դարձել է Եվրոպայի մատակարարումների անվտանգության հիմնասյունը»:
Արդյունքում, եվրոպական TTF շուկայում գազի գինը սեպտեմբերին հասել է 75 եվրոյի մեկ մեգավատտ-ժամի դիմաց, ինչը 2023 թվականի հունվարից ի վեր ամենաբարձր ցուցանիշն է:
Գների նման թռիչքը պայմանավորված է Մերձավոր Արևելքի լարվածությամբ, Կատարից մատակարարումների խափանումներով և Ասիայի հետ սրվող մրցակցությամբ: Թեև Եվրահանձնաժողովն այս փուլում էներգետիկ համակարգը համարում է բավականաչափ դիմացկուն, բարձր գներն արդեն իսկ լուրջ ֆինանսական ճնշում են գործադրում եվրոպական բիզնեսի վրա՝ միաժամանակ զսպելով պահեստարանների հետագա լիցքավորման գործընթացը: