Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացում և անկլավների ճակատագրի վերաբերյալ այս պահին գործնական համաձայնություններ կամ արձանագրություններ չկան։ Այս մասին օգոստոսի 20-ին կառավարությունում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ վերահաստատելով խնդիրը բացառապես խաղաղ ճանապարհով՝ Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա լուծելու հանձնառությունը։
Անդրադառնալով սահմանային և տարածքային բարդ հարցերին՝ կառավարության ղեկավարը նշել է, որ հրապարակային դաշտում այս թեման շատ ավելի է շահարկվել, քան իրականում քննարկվել է բանակցային մակարդակում։ «Մենք կոնկրետ այդ թեման, որ այ եկեք այսպես անենք, այսպես լինի, այնպես լինի, այդ թեման կոնկրետ չի քննարկվել երբեք, հրապարակային այդ թեմայի շուրջ ավելի շատ բան է ասվել, քան բանակցությունների սեղանի շուրջ»,- ընդգծել է վարչապետը։
Ըստ Փաշինյանի՝ խաղաղության հաստատման հիմքում պետք է ընկած լինի 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը։ Դրա հիման վրա կազմված քարտեզներով, որոնք արդեն կիրառվել են Կիրանցի հատվածում սահմանազատում իրականացնելիս, Արծվաշենը ճանաչվում է որպես Հայաստանի էքսկլավ։ Միևնույն ժամանակ, պաշտոնական Երևանն արձանագրում է, որ Տիգրանաշենը (Քյարքին), Բարխուդարլուն և Վերին Ոսկեպարը (Յուխարի Ասկիպարան) ՀՀ տարածք չեն հանդիսանում։ Գործադիրի ղեկավարը շեշտել է նաև, որ Տավուշի և Վայոց ձորի մարզերում իրական պատկերը տեղանքում երբեմն այլ կերպ է արտահայտված։
Բացառելով հարցի ռազմական լուծումը որպես «անցյալ և փակված էջ»՝ վարչապետը վստահեցրել է, որ սահմանազատման գործընթացը կոչված է ապահովելու սահմանամերձ բնակավայրերի տասնամյակների խաղաղությունն ու անվտանգությունը՝ բացառելով տեղի բնակիչների համար լրացուցիչ վտանգները։
«Մի բան հստակ է, մենք այսօր չունենք ոչ մի պայմանավորվածություն, ոչ մի արձանագրում, որ հարցը պետք է լուծել կամ այս կերպ, կամ այն կերպ։ Մենք ունենք հստակ ըմբռնում և դա արձանագրված է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգում»,- հավելել է նա։
Ամփոփելով տարածքային հաշվարկները՝ Փաշինյանը հստակեցրել է, որ սահմանազատումից հետո Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքը շարունակելու է մնալ 29 743 քառակուսի կիլոմետր։ Այս ցուցանիշը ներառում է Արծվաշենը, սակայն բացառում է ՀՀ տարածքում գտնվող անկլավները։ Նա նաև հիշեցրել է խնդրի երկկողմանի բնույթի մասին. խիստ ճշգրիտ սահմանազատման դեպքում Ադրբեջանում ևս կան բնակավայրեր, որոնք կարող են կանգնել ճանապարհներից զրկվելու վտանգի առաջ։ Այս բոլոր նրբությունները, ըստ վարչապետի, պետք է համապարփակ լուծում ստանան խաղաղության գործընթացի շրջանակներում։