20.08.2026
Ադրբեջանի միջոցով Հայաստան կուղարկվի ռուսական ցորենի հերթական խմբաքանակը
prev Նախորդ նորություն

Հայաստանի տնտեսությունը կդիվերսիֆիկացվի անկախ ՌԴ շուկայից. Փաշինյան

Լուսանկարը` hetq.am
Լուսանկարը` hetq.am

Հայաստանը շարունակելու է տնտեսության դիվերսիֆիկացիան նույնիսկ ռուսական շուկայի ամբողջական բացման դեպքում: Այս մասին օգոստոսի 20-ին կառավարությունում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով արտահանման նոր ուղղությունների զարգացման ռազմավարական նշանակությունը:


Ռուսաստանի կողմից հայկական գյուղմթերքի արտահանման նկատմամբ վերջին ամիսներին կիրառվող սահմանափակումների ֆոնին, պաշտոնական Երևանը այլընտրանքային շուկաներ է փնտրում։ Անդրադառնալով խնդրի երկարաժամկետ լուծմանը՝ գործադիրի ղեկավարն ընդգծել է, որ ստեղծված իրավիճակից հնարավոր է մեկընդմիշտ ապահովագրվել բացառապես դիվերսիֆիկացիայի միջոցով, և շուկաների վերաբացման հեռանկարը չի դադարեցնի այդ ռազմավարությունը։


«Այս պատմությունն ավարտվելու է դիվերսիֆիկացիայով, այսինքն՝ եթե հենց հիմա, մի ժամից Ռուսաստանի շուկան 100 տոկոսով բացվի, միևնույն է, մենք լրացուցիչ ջանքեր ենք գործադրելու, որ դիվերսիֆիկացիան տեղի ունենա»,- հայտարարել է վարչապետը։


Թեև Մոսկվան արգելքները պաշտոնապես հիմնավորում է սանիտարական նորմերի խախտումներով, դրանք կիրառվում են Երևանի և Եվրամիության միջև կապերի սերտացման ֆոնին: Ռուսական կողմը հորդորում է հանրաքվեով հստակ ընտրություն կատարել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև՝ որպես ոչ ֆորմալ վերջնաժամկետ նշելով 2026 թվականի ավարտը։ Հայաստանի իշխանությունները, սակայն, դեռևս հնարավոր են համարում այս միությունների հետ համագործակցության համատեղումը՝ նշելով, որ ընտրություն կկատարվի միայն այն ժամանակ, երբ ԵՄ-ին անդամակցությունը հստակ առարկայանա։


Անդրադառնալով ՌԴ մարմինների մտահոգություններին՝ Նիկոլ Փաշինյանը վստահեցրել է, որ Երևանի դիրքորոշումը հիմնված է բաց և երկխոսության պատրաստակամության վրա. պետությունը պատրաստ է ապահովել լիարժեք թափանցիկություն և առաջարկում է տեղում համատեղ ստուգել մտահոգություն առաջացնող բոլոր հարցերը։


Տնտեսության բազմազանեցման քաղաքականությունն արդեն իսկ տալիս է արդյունքներ. ըստ կառավարության տվյալների՝ ընթացիկ տարվա հունվար-հունիս ամիսներին դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալը գերազանցել է 516 միլիոն դոլարը, ինչը ավելի քան 80 տոկոսով բարձր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից (շուրջ 287 մլն դոլար)։

Լուսանկարը` CivilNet.am
Հաջորդ նորություն next