20.08.2026
Լուսանկարը` CivilNet.am
prev Նախորդ նորություն

Ղարաբաղի համար ոչինչ չենք խնայել․ Փաշինյանը դժվար որոշումների մասին

Լուսանկարը` sputnik
Լուսանկարը` sputnik

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բարդ որոշումների շնորհիվ Հայաստանը փրկվել է «չլինելիության թակարդից»՝ միաժամանակ ընդգծելով, որ իր կառավարման տարիներին արվել է առավելագույնը Ղարաբաղի ֆինանսավորման համար։


Օգոստոսի 20-ին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ գործադիրի ղեկավարը նշել է, որ ժողովուրդը կիսում է իր մոտեցումները, ինչի վկայությունն է իր պաշտոնավարման շարունակությունը։ «Ես Ղարաբաղի հետ կապված որոշումներով ՀՀ-ն դուրս եմ բերել թակարդից, չլինելիության թակարդից, և ես հպարտ եմ դրա համար»,- ընդգծել է վարչապետը։


Նրա խոսքով՝ իշխանությունը ոչինչ չի խնայել Ղարաբաղի համար, իսկ իր կառավարման շրջանում տրամադրվել է 1 միլիարդ դոլարի հավելյալ ֆինանսավորում։ Որպես օրինակ Փաշինյանը հիշատակել է սոցիալական ոլորտը. «Այստեղ թոշակները ցածր են եղել, այնտեղ բարձր են եղել, և այսպես շարունակ»,- հավելել է նա:


Հիշեցնենք, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմում Հայաստանի պարտությունից հետո Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում տեղակայվել էին ռուս խաղաղապահներ։ 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ը Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական գործողությունների հետևանքով Լեռնային Ղարաբաղը հայտարարեց իր լուծարման մասին։ 


Դրան հետևեց տարածաշրջանի հայաթափումը, որը միջազգային զեկույցներում նկարագրվում է որպես էթնիկ զտում։ Ավելի քան 100 հազար հայեր բռնի տեղահանվեցին և ապաստան գտան Հայաստանում։


Այս իրադարձությունները խորացրին ներքաղաքական բևեռացումը Հայաստանում։ Ընդդիմությունը մեղադրում է վարչապետին և կառավարությանը Արցախը հանձնելու համար։ Իր հերթին, իշխանությունը հակադարձում է, որ նախկին ղեկավարներն են երկիրը տարել փակուղի և թողել ծանր բանակցային ժառանգություն, իսկ «ընդդիմադիր ուժերը Ղարաբաղի հարցն օգտագործում են զուտ իշխանության հասնելու նպատակով»:

Լուսանկարը` kommersant.ru
Հաջորդ նորություն next