Ընդդիմադիրները դուրս եկան ԱԺ շենքից
Ազգային ժողովի փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը կարգադրեց անվտանգության աշխատակիցներին նիստերի դահլիճից դուրս հրավիրել «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանին։ Մինչ այդ Ալեքսանյանը մի քանի անգամ նկատողություն էր արել ընդդիմադիր պատգամավորին՝ պահանջելով տեղից չխոսել։
Խորհրդարանական ընդդիմությունն իր հերթին դժգոհություն է հայտնում իշխանական փոխխոսնակների գործելակերպից՝ նշելով, որ նրանք ընդդիմադիր պատգամավորների գրեթե յուրաքանչյուր ելույթից հետո մեկնաբանություններ են անում։
Ղազինյանը լքեց նիստերի դահլիճը։ Նրան հետևեցին նաև ընդդիմադիր երկու խմբակցությունների ներկայացուցիչները։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը հայտարարեց, որ իրենք դահլիճից դուրս են գալիս՝ այդ կերպ արտահայտելով իրենց դիրքորոշումը, քանի որ տեղի ունեցածն իրենց համար անընդունելի է։
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները, այդ թվում՝ ԱԺ ընդդիմադիր փոխնախագահ Արամ Վարդևանյանը, դուրս եկան նաև խորհրդարանի շենքից՝ այդ կերպ իրենց անհամաձայնությունը հայտնելով տեղի ունեցածի և նման գործելակերպի նկատմամբ։
«Հայաստան» խմբակցությունից ևս հայտարարեցին, որ կիսում են ընդդիմադիր գործընկերների դիրքորոշումը և խիստ վրդովված են կատարվածից։