10.08.2026
Լուսանկարը` սքրինշոտ տեսանյութնից
prev Նախորդ նորություն

Ռուբեն Վարդանյանի կինը սպասում է ԱԳՆ-ի արձագանքին՝ Բաքու այցի համար

Լուսանկարը` Zartonk
Լուսանկարը` Zartonk

Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, հայտարարել է, որ Բաքու նախատեսվող կանանց մարդասիրական այցի կազմակերպման հարցով ՀՀ արտաքին գործերի նախարարությունը դեռևս կապ չի հաստատել իր հետ:


Միաժամանակ նա վերահաստատել է Ադրբեջանում պահվող հայրենակիցներին աջակցելու նպատակով առարկայական երկխոսության իր պատրաստակամությունը:


Ըստ Վերոնիկա Զոնաբենդի պաշտոնական հայտարարության՝ թեև լրատվամիջոցներում տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ այս նախաձեռնության համակարգման համար պատասխանատու է նշանակվել Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը, պաշտոնական ներկայացուցիչներն առայժմ որևէ կապ չեն հաստատել, և պատասխանատու պաշտոնատար անձանց կոնտակտային տվյալներ չեն տրամադրվել։


Նա ընդգծել է, որ լիովին կիսում է ՀՀ վարչապետի՝ օգոստոսի 8-ի ուղերձում հնչեցրած մտահոգությունները Ադրբեջանում անազատության մեջ գտնվող հայաստանցիների ճակատագրի վերաբերյալ։ Դրական գնահատելով կառավարության ղեկավարի խոսքերն ու այցի կազմակերպման գործում ԱԳՆ-ի ներգրավվածության մասին լուրերը՝ նա միևնույն ժամանակ կարևորել է գործնական քայլերի անհրաժեշտությունը։


Եզրափակելով իր խոսքը՝ Վերոնիկա Զոնաբենդը հույս է հայտնել, որ մոտ ժամանակներս կստանա անհրաժեշտ կոնտակտային տվյալները՝ բովանդակային հանդիպում անցկացնելու նպատակով։ Սպասվում է, որ այդ հանդիպման ընթացքում կքննարկվեն դեպի Բաքու կանանց մարդասիրական առաքելության կազմակերպման հետագա քայլերը, ինչպես նաև Ադրբեջանում կալանքի տակ գտնվող ՀՀ քաղաքացիներին վերաբերող այլ հարցեր:


Բաքվում քսան տարվա ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանը և Արցախի ռազմաքաղաքական յոթ այլ ղեկավարներ Ադրբեջանում բանտարկված են 2023-ի սեպտեմբերից՝ Արցախի էթնիկ զտումից հետո։ Ներկայում Ադրբեջանում պաշտոնապես 19 հայ կալանավորված կա։