10.08.2026
Լուսանկարը` Zartonk
prev Նախորդ նորություն

«Մի լումայի ապրանք Հայաստանից Ադրբեջան չի արտահանվել»․ ընդդիմադիր պատգամավոր

Լուսանկարը` սքրինշոտ տեսանյութնից
Լուսանկարը` սքրինշոտ տեսանյութնից

Ընդդիամդիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ճեպազրույցի ընթացքում խիստ քննադատության է ենթարկել իշխանությունների քաղաքականությունը։ Նա կառավարությանը մեղադրել է Ադրբեջանին միակողմանի զիջումների, տնտեսության դիվերսիֆիկացիայի տապալման, ինչպես նաև ՌԴ-ի հետ քաղաքական ճգնաժամ ստեղծելու մեջ, ինչը հարվածում է տեղական արտադրողներին։


Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Արթուր Խաչատրյանը հանգամանալից անդրադարձել է տարածաշրջանային ապաշրջափակման խնդրին: Նրա խոսքով՝ իրական ապաշրջափակումը պահանջում է բոլոր կողմերի քաղաքական կամքը, այդ թվում՝ Ադրբեջանի և Թուրքիայի հանձնառությունը գործարկելու Իջևան-Ղազախ, Երասխ-Սադարակ և Ախուրիկ-Կարս ուղիները: Սակայն իրականում, ըստ պատգամավորի, միայն Հայաստանն է գրավոր պարտավորություններ ստանձնել։


Նա պատրանք է որակել «փոխադարձ առավելության» գաղափարը՝ նշելով, որ Երևանը ռիսկի է դիմում Բաքվին անխոչընդոտ տարանցում տրամադրել՝ դիմացը ստանալով միայն ներմուծման սահմանափակ հնարավորություններ: Խաչատրյանն ընդգծել է, որ գործնականում հայկական ոչ մի ապրանք դեռևս չի արտահանվել Ադրբեջանի տարածքով։ Ավելին, ընդդիմադիր գործիչն իշխանություններին մեղադրել է ադրբեջանցիների և հայ սահմանապահների միջև շփումները բացառելու Բաքվի պահանջը կատարելու փորձերի մեջ՝ բացահայտ սուտ անվանելով «ռոբոտների» կիրառման և ԱՄԷ-ի հետ արվող համեմատությունները։


Ճեպազրույցի զգալի մասը նվիրված էր ԵԱՏՄ շրջանակներում առկա տնտեսական խնդիրներին, մասնավորապես՝ ՌԴ հայկական ձկնամթերքի ներմուծման արգելքին։ Պատգամավորը նշել է, որ արգելքն ունի քաղաքական դրդապատճառ՝ կապված ԵՄ-ի հետ Հայաստանի մերձեցման և Մոսկվայի հետ հարաբերություններում առկա լարվածության հետ։


Միաժամանակ, Խաչատրյանը քննադատել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի արձագանքը, ով հարցը դիվանագիտական ճանապարհով լուծելու փոխարեն, հրապարակավ հայտարարել էր հայկական ձկան վատ որակի մասին։ Նման հայտարարությունները, ըստ Խաչատրյանի, վտանգում են նաև երրորդ երկրներ արտահանման հեռանկարները:


Անդրադառնալով տնտեսությանը՝ խորհրդարանականն արձանագրել է դիվերսիֆիկացման քաղաքականության ձախողումը։ Նա հայտարարել է, որ տնտեսական աճն արհեստական էր և հիմնված էր բացառապես ռուսական ոսկին ԱՄԷ վերաարտահանելու վրա, իսկ այդ սխեմայի կանգառով տնտեսությունը հայտնվեց ճգնաժամի մեջ։


Խաչատրյանը նախազգուշացրել է, որ հանուն կարճաժամկետ շահաբաժինների արտաքին քաղաքական կտրուկ շրջադարձերը երկիրը տանում են դեպի տնտեսական աղետ, ինչի վառ ապացույցն արդեն իսկ բյուջետային աջակցության նպատակով հարյուր միլիոնավոր դոլարների նոր վարկեր ներգրավելու անհրաժեշտությունն է։ Պատգամավորը կոչ է արել կառավարությանը դադարեցնել իմպուլսիվ որոշումների կայացումը, հստակ հաշվարկել ԵԱՏՄ-ից ու ԵՄ-ից ակնկալվող օգուտները և պրագմատիկ հարաբերություններ կառուցել գործընկերների հետ: