«ՀՀ-ն չունի նկրտում որևէ այլ երկրի, որևէ մետրի նկատմամբ». Նարեկ Կարապետյան
Լուսանկարը` սքրինշոտ տեսանյութնից
Օգոստոսի 10-ի խորհրդարանական նիստում ամենամեծ ընդդիմադիր դաշինքի՝ «Ուժեղ Հայաստանի» ղեկավար Նարեկ Կարապետյանը ներկայացրել է կուսակցության ռազմավարությունը, որը համատեղում է սոցիալական պահպանողականությունը, տնտեսական լիբերալիզմը և տարածքային պահանջներից հրաժարումը։
Ազգային ժողովի ամբիոնից Նարեկ Կարապետյանը մանրամասնել է իր քաղաքական ուժի գաղափարական հիմքերը։ Նա հատուկ անդրադարձել է «Պատմական» և «Իրական» Հայաստանների հայեցակարգերին՝ ընդգծելով, որ Հայաստանի Հանրապետությունը տարածքային որևէ պահանջ չունի այլ երկրների և ոչ մի մետրի նկատմամբ: Ըստ նրա՝ Պատմական Հայաստանն անհերքելի փաստ է և մշակութային ու պատմագիտական ուսումնասիրությունների կարևորագույն դաշտ, սակայն պետք է բացառապես կենտրոնանալ ներկայիս ինքնիշխան պետության հզորացման և զարգացման վրա:
Խոսելով «Ուժեղ Հայաստանի» քաղաքական պլատֆորմի մասին՝ Կարապետյանն այն բնութագրել է որպես արժեքային կենտրոնամետ ուժ։ Հասարակական ոլորտում կուսակցությունը խիստ պահպանողական է. նրանք ընտանիքի ավանդական ինստիտուտի պաշտպանությունը համարում են ժողովրդագրական խնդիրների լուծման և տարածաշրջանում ծնելիության աճի ապահովման հիմնական գրավականը։
Տնտեսության մեջ ընդդիմությունն առաջարկում է լիբերալ մոդել՝ զուգորդված պետության ակտիվ միջամտությամբ կամ այսպես կոչված «Մեծ մղման» սկզբունքով։ Փոքր շուկայի և լոգիստիկ սահմանափակումների պայմաններում, ըստ Կարապետյանի, պետությունը պետք է նախաձեռնի նոր ընկերությունների հիմնում, ներգրավի ներդրումներ, վերացնի բյուրոկրատական քաշքշուկները և պաշտպանի ներդրողներին՝ ապահովելով շուրջ 300 հազար աշխատատեղ։
Իր ելույթի սկզբում ընդդիմադիր խմբակցության ղեկավարն իր աջակցությունն է հայտնել նաև ԱԺ փոխխոսնակի թեկնածու Արամ Վարդևանյանին՝ բարձր գնահատելով նրա պրոֆեսիոնալիզմը, գաղափարական հենքն ու տասնյակ կալանավորված գործընկերներին ցուցաբերած անվճար իրավաբանական օգնությունը, ինչի արդյունքում նրանցից շատերն այսօր իրենց ընտանիքների կողքին են։