7.08.2026
Reuters-ը գրել է, որ Փաշինյանը մեղադրել է Եկեղեցուն առանց որևէ ապացույց ներկայացնելու
prev Նախորդ նորություն

ԵՄ թե՞ ԵԱՏՄ. Ընտրությունը պետք է հիմնվի մասնագիտական հաշվարկների վրա. փորձագետ

Լուսանկարը` primeminister.am
Լուսանկարը` primeminister.am

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Եվրոպական միության (ԵՄ) միջև Հայաստանի արտաքին տնտեսական ուղղվածության ընտրությունը պետք է իրականացվի բացառապես մասնագիտական խորքային հաշվարկների, այլ ոչ թե հանրաքվեների և հանրային տրամադրությունների հիման վրա:


Նման կարծիք VERELQ-ի հետ զրույցում հայտնել է Երևանի պետական համալսարանի կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ Արթուր Աթանեսյանը՝ մեկնաբանելով արտաքին քաղաքական վեկտորի շուրջ հանրաքվե անցկացնելու հարցով վերջին շրջանի հանրային ու քաղաքական քննարկումները:


Վերջին ամիսներին Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում խորացող խնդիրները հանգեցրել են հայկական գյուղատնտեսական ապրանքների՝ ՌԴ շուկա մուտքի արգելափակմանը և Մոսկվայի հետևողական պնդումներին, որ Հայաստանը պետք է հանրաքվեի միջոցով վերջնական ընտրություն կատարի՝ մնում է Եվրասիական տնտեսական միության կազմում, թե շարժվում է ԵՄ-ին անդամակցելու և Ռուսաստանի հետ «քաղաքակիրթ ապահարզանի» ուղղությամբ:


Անդրադառնալով արտաքին վերկտորի ընտրության հարցի բարոյաքաղաքական կողմին՝ փորձագետը նշել է, որ Հայաստանում ժողովրդավարության ընկալումն ի սկզբանե եղել և մնում է խնդրահարույց։ «Հանրային կարծիքի ու վերաբերմունքի ազդեցությունը միշտ չէ, որ պետք է որոշիչ դառնա այն բազում հարցերում, որտեղ ժողովուրդը չգիտի և չի կարող իմանալ այն, ինչ գիտեն մասնագետները», - ընդգծել է Աթանեսյանը:


Ըստ նրա՝ միջպետական տնտեսական միություններին անդամակցելու նպատակահարմարությունը, հնարավոր շահաբաժիններն ու կորուստները մակրոտնտեսական բարդ գործընթացներ են, որոնց ամբողջական պատկերը հասու չէ անգամ խոշոր բիզնեսի ներկայացուցիչներին: Մասնագետը հիշեցնում է, որ Հայաստանի տնտեսական դաշտում գերակշռում է փոքր և միջին բիզնեսը, իսկ բնակչության զգալի հատվածն առհասարակ հեռու է ակտիվ տնտեսական գործունեությունից: Հետևաբար, նա վաստահ է, որ նման ռազմավարական որոշումները պահանջում են խիստ մասնագիտական մոտեցում:


Աթանեսյանը նաև մատնանշել է որոշումների կայացման գործընթացում էմոցիոնալ-աշխարհաքաղաքական նախասիրությունների վտանգը, երբ հասարակության մի հատվածն առավել հակված է դեպի «Եվրոպա», իսկ մյուսը՝ դեպի «Ռուսաստան»: Զուգահեռաբար, նա խիստ քննադատական գնահատական է տվել որոշում կայացնող օղակների կոմպետենտությանը. «Քաղաքական էլիտան իր կազմով այսօր հիմնականում մասնագիտական բացառիկ կարողություններ չունի, անգամ՝ խորքային գիտելիքներ, իսկ իրենց մասնագիտական փորձի առկայության մասին առհասարակ չենք խոսում»։


Սոցիոլոգի համոզմամբ, եթե տնտեսական վեկտորի վերաբերյալ որոշումները կայացվեն՝ հիմնվելով բնակչության ստվար զանգվածի կողմնակալ տրամադրությունների և ներկայիս էլիտաների կարողությունների վրա, ապա պետությունը՝ որպես մակրոտնտեսական սուբյեկտ, կարող է աղետալի վնասներ կրել։


Անդրադառնալով առկա տնտեսական ցուցանիշներին՝ Աթանեսյանը փաստել է, որ պաշտոնական վիճակագրության համաձայն՝ տնտեսական հարաբերությունները և՛ ԵՄ-ի, և՛ ԵԱՏՄ-ի հետ մշտապես աճել են և գրեթե հավասարազոր են եղել։ Նրա դիտարկմամբ՝ այդ ուղղությունները մեկը մյուսին երբեք չեն խանգարել՝ անգամ ուկրաինական հակամարտության ստեղծած ճգնաժամային պայմաններում:


ԵՄ և ԵԱՏՄ շուկաների հակադրումը փորձագետը որակել է որպես սխալ մոտեցում, որը զուրկ է որևէ տնտեսագիտական հիմնավորումից: «Դա զուտ քաղաքական արկածախնդրություն է, որի հետևանքները հայաստանյան հասարակությունը շատ շուտով շատ սուր կզգա», - եզրափակել է նա: