Ադրբեջանը փաստացի ստանձնել է Հայաստանի կառավարումը
Նիկոլ Փաշինյանն Իլհամ Ալիևի հետ վերջին անգամ հանդիպել է 2026 թվականի փետրվարի 4-ին, այսինքն` մոտ հինգ ամիս առաջ։ Այդ հանդիպումը տեղի է ունեցել Աբու Դաբիում՝ միասին մրցանակ ստանալու կապակցությամբ։ Դրանից առաջ նրանք հանդիպել էին այդ հանդիպումից հինգ ամիս առաջ՝ Կոպեհագենում։ Դրան նախորդող հանդիպումներն առավել ինտենսիվ էին։
Ստացվում է, որ Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերից հետո Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի միջև շփումները փաստացի դադարել են, ինչը վկայում է բանակցային որևէ գործընթացի բացակայության մասին։ Փաստացի դադարեցվել են շփումները նաև Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև։
Սա վկայություն է այն բանի, որ «խաղաղություն» հորջորջվողն իրականում խաբեություն ու խարդախություն է, հակառակ պարագայում, նման գործընթացի պայմաններում շփումները, բանակցությունները, քաղաքական, կազմակերպական հարցերը պետք է ունենային առավել ինտենսիվ բնույթ։
Դրա փոխարեն Հայաստան են սկսել այցելել Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաներ․ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը և Ադրբեջանի նախագահի անվտանգության հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևը։ Սա վկայությունն է այն փաստի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ոչ թե ընթանում են բանակցություններ, այլ Ադրբեջանը ստանձնել է Հայաստանի փաստացի կառավարումը։
Քաղաքական գործիչ, պատգամավորի թեկնածու Էդգար Ղազարյան