23.11.2024
Ջեյմս Ուորլիք. Ղարաբաղյան հակամարտությունը կարող են կարգավորել նախագահները
prev Նախորդ նորություն

Կասկածելի եկամուտների տեր պաշտոնյաները ստեղծում են կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ

Հայաստանի կառավարությունը փետրվարի 19-ի նիստում հաստատեց կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի ձևավորման մասին օրենքի նախագիծ, որը ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը: Նա նշեց, որ նախագիծն անցել է հանրային քննարկումներ: Կառավարությունը որոշումը հիմնավորել է այսպես.

«Վերջին տասնամյակում կոռուպցիայի դեմ պայքարը դարձել է ՀՀ կառավարության գերակայություններից մեկը: Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնախնդրի լուծման համար թերևս կարևորագույն երաշխիքներից է հանդիսանում հակակոռուպցիոն ռազմավարության արդյունավետ իրականացումն ապահովող ինստիտուցիոնալ համակարգի ներդրումը, ինչը բխում է նաև Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների տրամաբանությունից: Այդ համակարգը, ըստ էության, պետք է միտված լինի հակակոռուպցիոն քաղաքականություն իրականացնող մարմինների գործունեության արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև կոռուպցիայի կանխարգելման և բացահայտման մարմինների միջև կայուն կառուցակարգված համագործակցության ապահովմանը», - տեղեկացնում է galatv.am-ը:

Հիշեցնենք, որ նախօրեին տարածաշրջանային այցով Երևանում գտնվեղ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդը հայտարարեց, որ Միացյալ Նահանգները նոր ծրագիր են սկսում Հայաստանի կառավարության հետ՝ կոռուպցիայի դեմ պայքարի և ներդրողների համար հավասար մրցակցային պայմաններ ստեղծելու նպատակով:

Նախագիծը ներկայացնելիս ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը նշեց, որ խորհուրդը ղեկավարելու է վարչապետը, եւ ներգրաված են լինելու ֆինանսների նախարարը, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը եւ պատգամավորներ: Մանուկյանը նշեց, որ պատգամավորներին կազմի մեջ ընդգրկելու համար պետք է դիմել ԱԺ նախագահին: ՀՀ արդարադատության նախկին նախարար, ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը նշեց, որ ավելի ճիշտ կլինի դիմել ԱԺ ընդդիադիր խմբակցությունների ղեկավարներին: Հովհաննես Մանուկյանը չհամաձայնեց, իսկ վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ նշեց, թե պետք է դիմել ԱԺ նախագահին, քանի որ վերջինս պետք է տեղյակ լինի:

Հիշեցնենք, որ ըստ ՀՀ բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողովը հրապարակած 2014 թվականին բարձրաստիճան պաշտոնատար անձանց և նրանց հետ փոխկապակցված անձանց գույքի և եկամուտների հայտարարագրերի՝ ամենաշատ դրամական միջոցներ ունի Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը: Նախարարն իր պաշտոնը զբաղեցնելու օրվա դրությամբ հայտարարագրել է 1 մլրդ 214 մլն 600 000 դրամ (269,000,000 դրամ, 1,970,000 դոլար)։ Գագիկ Խաչատրյանի կինը՝ Լաուրա Եփրեմյանը շատ ավելին է հայտարարագրել, քան ամուսինը՝ շուրջ 1, 5 մլրդ դրամ (180 մլն դրամ, 2 մլն 745 000 դոլար)։

Ինչ վերաբերում է վարչապետ Հովիկ Աբրահամյանին, ապա նա, ըստ մամուլի տվյալների, հանդիսանում է Հայաստանի ամենահարուստ և ազդեցիկ պաշտոնյաներից մեկը: Ըստ Hetq.am-ի տվյալների՝ Աբրահամյանին և նրա մերձավորներին պատկանող բիզնես ընկերությունները գործունեություն են ծավալում ամենատարբեր ոլորտներում: Վարչապետի և նրա մերձավորների հայաստանյան ընկերությունների թիվն անցնում է հինգ տասնյակից: