Անցած տարվա ընթացքում շփման գծի և Հայաստան - Ադրբեջան սահմանի երկայնքով լարվածության աճը խարխլում է ոչ միայն համանախագահների միջնորդական ջանքերը, այլև իրենց ժողովուրդների առջև նախագահների հանձնառությունը՝ լուծել ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով: «Արցախպրես»-ի հետ հարցազրույցում այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը։
Առաջին անգամ է համանախագահներից մեկը հարցազրույց տալիս ղարաբաղյան լրատվամիջոցի։ Հարցին, թե որևէ կոնկրետ առաջարկներ կա՞ն, որոնք քննարկվելու են բոլոր երեք կողմերի հանդիպումների ընթացքում, Ուորլիքը պատասխանել է, որ իրենք կողմերի հետ խոսում են տարածաշրջանին սպառնացող վերջին լարվածության և բռնության մասին։
«Բռնության շարունակման պայմաններում չի կարող առաջընթաց լինել դիվանագիտական հարթությունում։ Մենք նաև բարձրացնում ենք նախագահների հանդիպումների վերականգնման հարցը, ում ձեռքում են գտնվում խաղաղության բանալիները, բացի այդ՝ ընդգծում ենք տևական կարգավորման համապարփակ բանակցություններ սկսելու անհրաժեշտությունը. չափազանց կարևոր է ունենալ կայուն բանակցային գործընթաց, որը կարող է բերել խաղաղության համաձայնագրի», - ընդգծել է Ուորլիքը։
Մեծ պայմանագրին է անդրադարձել նաև ադրբեջանական կողմը՝ պնդելով, թե Հայաստանը խուսափում է սկսել աշխատանքներն այդ համաձայնագրի վրա։ Ադրբեջանի արտգործանախարարության մամուլի քարտուղարը APA-ին ասել է, մասնավորապես, թե համանախագահների այցելության ընթացքում Բաքուն նորից պատրաստակամություն է հայտնել լուրջ բանակցություններ սկսել, իսկ Հայաստանը ցանկացած պատրվակով խուսափում է՝ իբր սկզբում պետք է համաձայնեցվեն սկզբունքները, իսկ հետո արդեն սկսել աշխատանքը հենց համաձայնագրի վրա։
Հիշեցնենք, որ Երևանում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով խաղաղության պայմանագրի «մշակմանը իբր ձեռնամուխ լինելու մասին Բաքվի մտասևեռմանը»՝
նշել էր, որ Ադրբեջանի ղեկավարությունը իրականում նպատակ է հետապնդում ձախողել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման Հիմնարար սկզբունքների շուրջ տարիների բանակցային գործընթացի արդյունքները: «Երբ համաձայնություն ձեռք բերվի հիմնարար սկզբունքների վերաբերյալ, և դրան իր համաձայնությունը տա նաև Լեռնային Ղարաբաղը, այդ ժամանակ հնարավոր կլինի բանակցություններ սկսել Ադրբեջանի, Արցախի և Հայաստանի միջև՝ մշակելու խաղաղության համապարփակ պայմանագիրը», - ասաց Էդվարդ Նալբանդյանը։
Հարցազրույցում ամերիկացի համանախագահը, անդրադառնալով բանակցություններում Լեռնային Ղարաբաղի ընդգրկման հարցին, ասել է. - «Ինչպես բանակցային գործընթացում, այնպես էլ հակամարտության կարգավորման հարցում պետք է հաշվի առնվեն բոլոր կողմերի շահերը։ Կողմերի համար առաջին քայլն այն է, որ նրանք արտահայտեն իրենց պատրաստակամությունը՝ սկսելու նման բանակցություններ»։