23.11.2024
Հայաստանն ու Վրաստանը «մշտապես միասին են» անկախ ընտրած ինտեգրացիոն տարբեր ուղիներից
prev Նախորդ նորություն

Նալբանդյանը և Նուլանդը քննարկել են երկկողմ հարաբերությունները

Փետրվարի 18-ին արգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Վիկտորիա Նյուլանդին։ Արտաքին գործերի նախարարության տարածա հաղորդագրության համաձայն՝ զրույցի ընթացքում քննարկվեցին երկկողմ հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ ձեռնարկվելիք համատեղ քայլերը: Հանդիպման օրակարգում էին քաղաքական երկխոսությունը, միջազգային հարթակներում փոխգործակցությունը։

Էդվարդ Նալբանդյանն ու Վիկտորիա Նյուլանդը գոհունակությամբ արձանագրեցին, որ Հայաստանի և ԱՄՆ միջև երկկողմ փոխգործակցությունը ընդգրկում է այնպիսի կարևոր ոլորտներ, ինչպիսիք են միջազգային և տարածաշրջանային անվտանգության խնդիրները, խաղաղապահ գործողությունները, զանգվածային ոչնչացման զենքի չտարածումը, ահաբեկչության դեմ պայքարը։ ԱՄՆ պետքարտուղարի օգնականը երախտագիտություն հայտնեց խաղաղապահ գործողություններին Հայաստանի ակտիվ ներգրավվածության համար։ Վիկտորիա Նյուլանդը ընդգծեց Հայաստանի դրական ձեռքբերումները ժողովրդավարության, քաղաքացիական հասարակության ամրապնդման, տնտեսական բարեփոխումների և մի շարք այլ բնագավառներում:

Անդրադարձ կատարվեց հայ-ամերիկյան տնտեսական փոխգործակցության զարգացման հեռանկարներին, համատեղ նախագծերի իրականացմանը, ներդրումների խրախուսմանը։ Այս առումով կարևորվեցին երկու երկրների միջև իրավապայմանագրային դաշտի ընդլայնման ուղղությամբ իրականացվող աշխատանքները, մասնավորապես՝ Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև Առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագրի մշակումը։

Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 29-ին ՀՀ կառավարությունը 180 մլն դոլարով Որոտանի կասկադը վաճառեց ամերիկյան «ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» ընկերությանը: Այդ գումարի շրջանակներում ամերիկյան ընկերությունը պարտավորվեց 6 տարում 70 մլն դոլարի ներդրում իրականացնել: Կնքված պայմանագրի համաձայն՝ «ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադը» Որոտանի կասկադի շահագործումից առնվազն պետք է տարեկան 8% շահութաբերություն ունենա՝ 25 տարում իր ներդրումների վերադարձն ու շահույթն ապահովելու համար: Սակայն գործարքը դեռևս չի ավարտվել, քանի որ ՀՀ կառավարությունը պայմանագրում առկա որոշակի կետեր համարում է խնդրահարույց:

Հանդիպման ընթացքում նախարար Նալբանդյանն ընդգծեց, որ Հայաստանի անկախությունից ի վեր Միացյալ Նահանգները նշանակալի աջակցություն են ցուցաբերել Հայաստանի զարգացմանը և երկրում ընթացող բարեփոխումներին, և հավելեց, որ ժամանակի ընթացքում օգնության ծրագրերը վերածվել են համագործակցության և զարգացման նախագծերի։

Երկուստեք դրական գնահատվեց 2013թ. Հայաստանի արտգործնախարարի և ԱՄՆ պետքարտուղարի միջև մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման շուրջ ձեռք բերված պայմանավորվածության՝ ս.թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտնելը։ Հանդիպմանը հանագամանալից մտքեր փոխանակվեցին միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրների՝ ուկրաինական ճգնաժամի, մերձավորարևելյան զարգացումների շուրջ։

Ղարաբաղյան հիմնախնդրի բանակցային գործընթացի քննարկման համատեքստում նախարար Նալբանդյանը և պետքարտուղարի օգնականը համակարծիք էին, որ պետք է հնարավոր բոլոր ջանքերը գործադրվեն՝ հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորման համար՝ միջազգային իրավունքի՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման սկզբունքների հիման վրա։ Այս առումով նախարար Նալբանդյանը կարևորեց որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ` Միացյալ Նահանգների ներդրումն ու դերակատարությունը։