29.06.2026
Լուսանկարը` mfa.am
prev Նախորդ նորություն

ԵԱՏՄ-ն կուսումնասիրի Հայաստանի անդամակցության կասեցման մեխանիզմները. ՌԴ ԱԳ փոխնախարար

Լուսանկարը` news.ru
Լուսանկարը` news.ru

Մինչև տարեվերջ Եվրասիական տնտեսական միության փորձագետները կներկայացնեն կառույցին Հայաստանի անդամակցության հնարավոր կասեցման իրավական և տնտեսական հետևանքների վերաբերյալ զեկույց: Այս քայլի համար հիմք է հանդիսացել Երևանի՝ դեպի Եվրամիություն ինտեգրվելու գործընթացի օրենսդրական ամրագրումը:


Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը «RTVI» հեռուստաալիքին տված հարցազրույցում մանրամասնել է, որ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ղեկավարներն արդեն իսկ ընդունել են համատեղ հայտարարություն։ Այդ փաստաթղթում հստակ արձանագրված է, որ Հայաստանի եվրոպական նկրտումները կոնկրետ ռիսկեր են ստեղծում միության մյուս անդամների տնտեսական անվտանգության համար։


Անդրադառնալով այն դիտարկմանը, որ ԵԱՏՄ պայմանագիրը ներկայումս չի նախատեսում անդամ պետության հարկադիր հեռացման կամ անդամակցության կասեցման ընթացակարգ՝ դիվանագետը պարզաբանել է, որ հենց այդ նպատակով են մասնագետները մանրակրկիտ ուսումնասիրում հարցի իրավական և տնտեսական բաղադրիչները։


Ըստ ՌԴ փոխարտգործնախարարի՝ գործընկեր պետությունների համար միանգամայն անընդունելի է այն իրավիճակը, երբ Երևանը պաշտոնապես մեկնարկում է ԵՄ-ին անդամակցելու գործընթացը՝ միաժամանակ շարունակելով անարգել օգտվել ԵԱՏՄ տրամադրած բոլոր տնտեսական բարիքներից ու առավելություններից։


Գալուզինն ընդգծել է, որ այս երկու միավորումներին զուգահեռ անդամակցությունը թե՛ քաղաքականապես, թե՛ տնտեսապես անհամատեղելի է՝ հորդորելով զերծ մնալ կանխատեսումներից և սպասել փորձագիտական հանրության աշխատանքի վերջնական արդյունքներին, որոնք պատրաստ կլինեն դեկտեմբերին։


2025 թվականի սկզբին Հայաստանի կառավարությունն ընդունեց եվրաինտեգրման վերաբերյալ օրինագիծ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այն ժամանակ պարզաբանեց, որ փաստաթուղթը չի նշանակում անմիջական անդամակցություն Եվրամիությանը՝ ընդգծելով, որ այդ հարցի շուրջ վերջնական որոշումը կարող է կայացվել բացառապես հանրաքվեի միջոցով։


Հայաստանում եվրաինտեգրման գործընթացների ակտիվացմանը զուգահեռ՝ ռուսական իշխանությունների մոտ հարցեր առաջացան ԵԱՏՄ-ին Երևանի անդամակցության ապագայի վերաբերյալ։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ արեց հայկական կողմին օր առաջ հստակեցնել իր ընտրությունը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև՝ նշելով նման սցենարի դեպքում «մեղմ և ինտելիգենտ ապահարզանի» հնարավորությունը։ Կրեմլում կարծում են, որ ԵՄ-ի հետ մերձեցման հետևանքով Հայաստանն անխուսափելիորեն կբախվի մի իրավիճակի, երբ նոր ընդունված նորմերը կհակասեն ԵԱՏՄ կանոններին։


Այս ֆոնին Մոսկվան զգուշացրեց, որ Երևանի կողմից եվրաինտեգրման շարունակման դեպքում կարող է կասեցվել կամ չեղարկվել բնական գազի և նավթամթերքի մատակարարման ոլորտում համագործակցության համաձայնագիրը։ Բացի այդ, Ռուսաստանը սահմանափակումներ մտցրեց հայկական գյուղմթերքի, ծաղիկների և ալկոհոլային խմիչքների ներմուծման նկատմամբ։


Արձագանքելով այս զարգացումներին՝ հայկական կողմը հավաստիացրեց, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց օրակարգում չկա։ Վարչապետ Փաշինյանը շեշտեց, որ Երևանը երբեք չի վնասի Մոսկվային, սակայն նաև չի ստորադասի Հայաստանի ազգային շահերը։ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն իր հերթին հավելեց, որ Երևանը շահագրգռված չէ Ռուսաստանի հետ քաղաքական, տնտեսական կամ այլ կապերի խզմամբ և շարունակելու է աշխատել ռուսական կողմի հետ «բնականոն հարաբերությունների» պահպանման ուղղությամբ։

 Լուսանկարը` news.ru
29.06.2026
ԵԱՏՄ-ն կուսումնասիրի Հայաստանի անդամակցության կասեցման մեխանիզմները. ՌԴ ԱԳ փոխնախարար