Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են կրիտիկական հանքանյութերի ո;որտում համագործակցությունը
Լուսանկարը` mfa.am
Հայաստանն ու Միացյալ Նահանգները նոր փուլ են թևակոխում ռազմավարական նշանակություն ունեցող երկրաբանության և կրիտիկական հանքանյութերի արդյունահանման ոլորտներում գործակցության զարգացման ուղղությամբ։
Վաշինգտոնում կայացած բարձրաստիճան հանդիպման ընթացքում դիվանագետներն ու ոլորտի պատասխանատուները նախանշել են երկկողմ աշխատանքների հիմնական ուղենիշները։
ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ԱՄՆ երկրաբանական ծառայության միջազգային ծրագրերի գրասենյակի տնօրեն Ուիլյամ Քաննինգհեմի հետ։ Քննարկումների առանցքում են եղել ժամանակակից պահանջներին համապատասխանող հայկական երկրաբանական ծառայության ձևավորման գործում ամերիկյան առաջատար փորձի ներդրումն ու հազվագյուտ հանքանյութերի շուկայում համատեղ ծրագրերի իրագործումը։
Ինչպես հաղորդում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը, այս նախաձեռնությունը մայիսին երկու երկրների միջև ստորագրված Համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության գործնական կիրարկումն է։ Այն սերտորեն փոխկապակցված է նաև հազվագյուտ հանածոների արդյունահանման, մշակման և մատակարարման շղթաների ապահովման վերաբերյալ վերջերս կնքված շրջանակային հուշագրի հետ, ինչն ամուր հիմք է ստեղծում ոլորտային երկարաժամկետ ու կայուն գործընկերության համար։