Փաշինյանն անկնալում է TRIPP-ի ենթակառուցվածքի շինարարություն արդեն 2026 թվականին
Լուսանկարը` primeminister.am
Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև վերջերս ստորագրված TRIPP նախագիծը մտնում է գործնական փուլ. վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է քաղաքական և ֆինանսական խոչընդոտների բացակայության մասին՝ ակնկալելով շինարարության մեկնարկն արդեն այս տարի:
Հունիսի 25-ին կայացած Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում կառավարության ղեկավարը մանրամասնել է, որ հունիսի 4-ին Վաշինգտոնի և Երևանի միջև կնքված շրջանակային համաձայնագրի իրագործումն ընթանում է բնականոն աշխատանքային հունով: Ըստ վարչապետի՝ ծրագրի շուրջ առնվազն ամենշաբաթյա ձևաչափով ակտիվ քննարկվում են լոգիստիկ, ֆինանսական, նախագծային և ինժեներական հարցեր:
Անդրադառնալով հայ-ամերիկյան փոխգործակցության լայն օրակարգին՝ Փաշինյանը տեղեկացրել է, որ առաջիկայում սպասվում է կարևոր երկկողմ փաստաթղթի վավերացում, որից անմիջապես հետո կսկսվի բուն գործնական իրականացման փուլը։
«Գործընթացը գնում է առաջ, և եթե տեխնիկական խնդիրները չխանգարեն, այս տարի ցանկանում ենք արդեն գետնի վրա տեսնել շինարարական աշխատանքներ»,- ընդգծել է վարչապետը՝ հավելելով, որ ծրագրի հաջողության ճանապարհին որևէ արհեստական արգելք չկա:
Հիշեցնենք, որ TRIPP ենթակառուցվածքային նախագիծը հայ-ամերիկյան տնտեսական և ռազմավարական գործակցության առանցքային նախաձեռնություններից է, որի վերաբերյալ շրջանակային համաձայնագիրը կողմերը ստորագրել են հունիսի 4-ին։ Ծրագիրը միտված է Հայաստանի լոգիստիկ, տրանսպորտային և ինժեներական հնարավորությունների զարգացմանը՝ Միացյալ Նահանգների աջակցությամբ խթանելով երկրի ենթակառուցվածքային դիմակայունությունն ու լայնածավալ շինարարական նախագծերի իրագործումը:
Միևնույն ժամանակ, հայաստանյան ընդդիմությունը խստորեն քննադատում է այս նախաձեռնությունը։ Մասնավորապես, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը TRIPP նախագիծը (որը հայտնի է նաև որպես «Թրամփի երթուղի») անվանել է ԱՄՆ-ի կողմից յուրօրինակ «նվեր» Թուրքիային և Ադրբեջանին, որն ուղղակիորեն սպառնում է հանրապետության ազգային անվտանգությանը։ Ըստ նախկին ղեկավարի՝ ծրագիրը Երևանին որևէ իրական տնտեսական առավելություն չի տալիս և հանդիսանում է Վաշինգտոնի զուտ քարոզչական քայլը՝ նպատակաուղղված Երևանի և Թեհրանի միջև հարաբերություններում լարվածության ստեղծմանը։