Հայաստանից Վրաստան ծաղկի արտահանումը ռեկորդներ է գրանցում ռուսական արգելքի ֆոնին
Լուսանկարը` b24.am
Ռուսաստանի Դաշնության կողմից սահմանված սահմանափակումների պայմաններում Հայաստանը կտրուկ մեծացրել է ծաղկային արտադրանքի մատակարարումները հարևան Վրաստան՝ գրանցելով պատմական ռեկորդ:
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության վերջին տվյալներով՝ ընթացիկ տարվա մայիսին Հայաստանից Վրաստան է արտահանվել ավելի քան 218 տոննա ծաղիկ։ Այս ցուցանիշը, որի դրամական համարժեքը շուրջ 750 հազար ԱՄՆ դոլար է, բացարձակ ռեկորդ է ամսական մատակարարումների պատմության մեջ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է ծավալների եռապատիկ աճ, իսկ այս տարվա ապրիլի նկատմամբ աճը կազմել է 89 տոկոս՝ գերազանցելով մարտին արձանագրված 129 տոննա նախորդ առավելագույն ցուցանիշը:
Հատկանշական է, որ ներկրված հայկական ապրանքատեսականին իրացվել է բացառապես վրացական ներքին շուկայում և չի վերաարտահանվել այլ երկրներ։ Ընդհանուր առմամբ, մայիսին Վրաստանը ներմուծել է 342 տոննա ծաղկային արտադրանք։ Թեև շուկայում որոշակի չափաբաժնով ներկայացված են եղել նաև մատակարարումներ Էկվադորից, Նիդերլանդներից, Քենիայից և այլ պետություններից, Հայաստանը զգալի առավելությամբ պահպանել է գլխավոր մատակարարի իր դիրքը:
Վրացական ուղղությամբ արտահանման այս կտրուկ ակտիվացումը համընկնում է ռուսական շուկայում ստեղծված իրավիճակի հետ: Մայիսի 22-ից ՌԴ «Ռոսսելխոզնադզորը» ժամանակավորապես սահմանափակել է հայկական ծաղիկների մուտքը երկիր։
Մինչ այդ արգելքը՝ Ռուսաստանը հանդիսանում էր հայկական ծաղկաբուծության իրացման հիմնական շուկան. վերջին երկու տարում արտահանման ծավալներն այնտեղ աճել էին 2,5 անգամ՝ 20,8 միլիոն դոլարից հասնելով 53,6 միլիոնի։ Ընդ որում, արտահանման ֆիզիկական ծավալների աճին զուգահեռ, 2024 թվականի 3 031 դոլարից մինչև 2025 թվականի 5 418 դոլար, բարձրացել էր նաև մեկ տոննա արտադրանքի միջին արժեքը։