ՍԴ-ն կքննի ընտրությունների արդյունքները վիճարկող 7 ուժերի դիմումները
Լուսանկարը` 1lurer.am
Սահմանադրական դատարանը միավորել է յոթ քաղաքական ուժերի դիմումները և հունիսի 26-ին բանավոր ընթացակարգով կսկսի 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությունը՝ ընդդիմության կողմից հնչող մտահոգությունների ֆոնին:
Հունիսի 21-ին կայացած աշխատակարգային նիստում Բարձր դատարանը վարույթ է ընդունել և մեկ ընդհանուր գործում միավորել «Ուժեղ Հայաստան», «Հայաստան» դաշինքների, ինչպես նաև «Բարգավաճ Հայաստան», «Միասնության թևեր», «Դեմոկրատիա Օրենք Կարգապահություն», «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» և «Նոր ուժ» կուսակցությունների դիմումները։ Վիճարկվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ հունիսի 14-ին կայացրած որոշումը, որով ամփոփվել էին հունիսի 7-ի հերթական ընտրությունների արդյունքները: Գործի դատաքննությունը նշանակված է հունիսի 26-ին՝ ժամը 11:00-ին:
Ընտրությունների արդյունքներով խորհրդարան են անցել միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքները:
Աննախադեպ իրավիճակ է ստեղծվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շուրջ, որին 4 տոկոսի շեմը հաղթահարելու համար չնչին ձայներ էին պակասում։ Կուսակցության պահանջով իրականացված վերահաշվարկի արդյունքում գրանցվել է 147 ձայնի աճ, սակայն որոշ տեղամասերում արդյունքների անվավեր ճանաչման պատճառով քաղաքական ուժը կորցրել է ևս 222 քվե: Այդ տեղամասերում վերաքվեարկության նշանակումը կարող է վճռորոշ լինել կուսակցության՝ խորհրդարան անցնելու հարցում:
Միևնույն ժամանակ, գործով զեկուցող դատավոր է նշանակվել Էդգար Շաթիրյանը, ինչը դժգոհությունների առիթ է տվել ընդդիմադիր շրջանակներում: ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Էդգար Ղազարյանը հրապարակավ կասկածի տակ է դրել դատարանի որոշումների անկողմնակալությունը:
Նա ընդգծել է, որ Շաթիրյանն առաջադրվել էև ընտրվել է ՍԴ դատավորգործող իշխանության կողմից, իսկ նախկինում զեկուցող է եղել նաև 2021 թվականի խորհրդարանական ընտրությունների բողոքարկման գործով՝ այն ժամանակ անփոփոխ թողնելով ԿԸՀ որոշումը։
Ղազարյանը նաև մատնանշել է պաշտոնական կայքում Շաթիրյանի՝ որպես ՍԴ փոխնախագահ ներկայացվելու հանգամանքը՝ շեշտելով դրա վերաբերյալ որոշման բացակայությունը և այն փաստը, որ վերջին դատարանական որոշման մեջ նա հիշատակվում է բացառապես որպես դատավոր: