Բաքվի համար «Արևմտյան Ադրբեջանը» ռազմավարական նպատակ է
Արեւմտյան Ադրբեջանի թեման ունի ռազմավարական նշանակություն: Սա գիտե՞ք ով է հայտարարել: Ադրբեջանի կրթության ու գիտության նախարար Էմին Ամռուլլաեւը: Ավելին, նրա խոսքով, այդ հարցը հիմնարար դեր է կատարում ազգային ինքնության ու երիտասարդության դաստիարակության հարցում:
Այդ մտքերը նա հայտարարել է Օրդուբադում տեղի ունեցող՝ Արեւմտյան Ադրբեջանի թեմայով երրորդ փառատոն-համաժողովի շրջանակում: Հիշեցնեմ, կրթության ու գիտության նախարարությունը Ադրբեջանի պետական կառուցվածքում՝ պետական ինստիտուտ է, ոչ թե հանրային: Դա Ադրբեջանի կառավարության պորտֆել է: Ահա այդ պորտֆելի կրողը ասում է, որ Արեւմտյան Ադրբեջանի թեման ռազմավարական է, եւ հայտարարում է, որ այդ հարցում չափազանց մեծ է Իլհամ Ալիեւի դերը:
Ավելին, այդ նախարարը բերում է «Արեւելյան Զանգեզուր» ադրբեջանցիների վերադարձի օրինակը, ասելով, թե հետեւողական աշխատանքի պարագայում իրականանալի է ցանկացած նպատակ:
Այսինքն, նա իրականանալի է համարում «Արեւմտյան Ադրբեջան» այսպես կոչված «վերադարձի» նպատակը՝ հետեւողական աշխատանքի դեպքում:
Ադրբեջանի կառավարության անդամի խոսքերը հնչում են անմիջապես հետո այն խոսքերի, որ նախօրեին հնչեցրել է Նիկոլ Փաշինյանը, թե Հայաստանում ադրբեջանցիների բնակեցման թեման մտացածին է:
Դե ինչ, Նիկոլ Փաշինյանը հնարավորություն ունի իր կառավարության անդամին՝ ԿԳՄՍ նախարարին, կամ գոնե նախարարության խոսնակին հրահանգելու, որպեսզի պատասխանեն ադբեջանցի գործընկերոջը: Թեեւ, Նիկոլ Փաշինյանը «ջախջախել» կարող է միայն ընդդիմությանը, իսկ Ադրբեջանի իշխանությանը՝ միայն հյուրընկլալել:
Վերլուծաբան Հակոբ Բադալյան