Հայաստանում հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունները քաղաքացիներին ընձեռել են քաղաքական այլընտրանքի ազատ ընտրության հնարավորություն, սակայն գործընթացն ուղեկցվել է արտաքին միջամտությամբ և վարչական ապարատի նկատմամբ ճնշումներով:
Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ կարճաժամկետ դիտորդական առաքելության հատուկ համակարգող և ղեկավար Ֆարահ Քարիմին՝ հունիսի 8-ի ասուլիսին ամփոփելով նախընտրական քարոզարշավի և քվեարկության օրվա մշտադիտարկման արդյունքները։
Միջազգային դիտորդների գնահատմամբ՝ հունիսի 7-ի ընտրությունները լրջագույն և կարևոր քննություն էին հանրապետության ամբողջ ժողովրդավարության համար։ Ինչպես նշել է ԵԱՀԿ հատուկ համակարգողը, քվեարկությունը տեղի է ունեցել աշխարհաքաղաքական և անվտանգային բարդ պայմաններում։ «Այս ընտրությունները տեղի ունեցան Հայաստանի զարգացման շատ կարևոր առանցքային փուլում և երկիրը շարունակում է նավարկել այս բավականին խրթին ժողովրդավարական և աշխարհաքաղաքական միջավայրում»,— ընդգծել է Ֆարահ Քարիմին մամուլի ասուլիսի ժամանակ։ Միևնույն ժամանակ նա հավելել է, որ ողջ նախընտրական քարոզարշավի ընթացքում արտաքին ճնշումները մեծ ազդեցություն են ունեցել ընտրողների վրա։
Առաքելության մոտ առանձնահատուկ մտահոգություն են առաջացրել վարչական ռեսուրսի կիրառման դեպքերը։ Խոսքը, մասնավորապես, պետական կառույցների աշխատակիցներին իշխող կուսակցության միջոցառումներին մասնակցելու պարտադրանքի և սոցիալ-տնտեսական լծակների օգտագործման մասին է, ինչը ստվերել է հնարավորությունների ազատությունը։ Բացի այդ, քարոզարշավի ֆինանսների նկատմամբ անբավարար վերահսկողությունը սահմանափակել է գործընթացի թափանցիկությունն ու հանրային վերահսկողության հնարավորությունները։
Իրավիճակն ավելի են բարդացրել հատկապես ընդդիմության ներկայացուցիչների հանդեպ ձերբակալություններն ու քրեական հետապնդումները, բևեռացված մեդիալանդշաֆտը և սադրիչ ապատեղեկատվությունը։ Առաքելության ղեկավարի խոսքով՝ այս գործոնները, շարունակական միջազգային ճնշումների հետ մեկտեղ, մարտահրավեր էին նետում պետության ժողովրդավարական դիմակայունակությանը և հանրային խոսույթի ամբողջականությանը։
Չնայած նախընտրական շրջանի բարդություններին՝ բուն քվեարկության գործընթացն արժանացել է եվրոպացի մասնագետների դրական արձագանքին։ ԵԱՀԿ դիտորդները բարձր են գնահատել իրավիճակը դիտարկված 1403 ընտրատեղամասերում, ինչը Քարիմին բնութագրել է որպես բավականին նկատելի ցուցանիշ։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներով՝ քվեարկությանը մասնակցել է շուրջ 1,47 միլիոն ընտրող։ Բոլոր 2005 տեղամասերի արդյունքների համաձայն՝ նոր խորհրդարան են անցնում երեք ուժեր. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ապահովել է 49,8 տոկոս արդյունք, իսկ «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքները ստացել են համապատասխանաբար քվեների 23,28 և 9,93 տոկոսը։