Պապոյանը՝ Օսիպյանի գործի մասին. կալանքը բռնության կոչի համար է
Լուսանկարը` sputnik
Ակտիվիստ Արթուր Օսիպյանի հացադուլի ֆոնին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մեկնաբանել է նրա ձերբակալությունը՝ շեշտելով, որ քրեական հետապնդումը կապված է բացառապես վարչապետի նկատմամբ բռնության կոչերի, այլ ոչ թե կոշտ քաղաքական քննադատության հետ։
Լրագրողների հետ զրույցում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչը հրաժարվել է գնահատականներ տալ զուտ իրավական գործընթացներին, սակայն նշել է, որ օրենքի առաջ բոլորը հավասար են, և հանցագործությունների վրա աչք փակելն անթույլատրելի է: Նախարարը հատուկ պարզաբանել է Օսիպյանի կողմից հնչեցված «բմբուլները քամուն տալու» հայտնի արտահայտության դրվագը։ Նրա խոսքով՝ այդ հարցով հետաքրքրվել է անձամբ կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, և իրավապահները հաստատել են, որ տվյալ դարձվածքի մեջ հանցակազմ չկա: Քաղաքացու ձերբակալության հիմքում դրվել են բացառապես հրապարակային բռնության կոչերը։
Պատասխանելով կոշտ հռետորաբանության թույլատրելիության մասին հարցին՝ Պապոյանը հստակ տարանջատել է սուր քննադատությունն ու բռնության հրահրումը։ Երբ լրագրողները հիշեցրել են, որ իշխանության ներկայացուցիչները ևս ժամանակին ընդդիմախոսների հասցեին օգտագործել են այնպիսի արտահայտություններ, ինչպիսիք են՝ «ծեփել», «չոքացնել» կամ «կզացնել», նախարարը դրանք որակել է որպես քաղաքական խոսույթ։ Նա ընդգծել է, որ այդ ձևակերպումներն ուղղված են եղել այն անձանց դեմ, ովքեր վտանգում են պետության ինքնիշխանությունն ու խաղաղությունը:
Զրույցի ավարտին էկոնոմիկայի նախարարը շեշտել է, որ իրավապահ համակարգի համար անձանց անուններն ու կարգավիճակները նշանակություն չունեն. ցանկացած սպառնալիք՝ անկախ թիրախից, պետք է արժանանա համարժեք արձագանքի։ Բացի այդ, Պապոյանը կարծիք է հայտնել Հայաստանում տիրող ոչ ստանդարտ քաղաքական իրավիճակի մասին՝ նկատելով, որ ի տարբերություն համաշխարհային պրակտիկայի, այստեղ հաճախ հենց ընդդիմությունն է իշխանության ներկայացուցիչներին ենթարկում վերբալ բռնության և ճնշումների: