24.11.2024
Ուկրաինան ու Իրանը գնացք կփորձարկեն Ադրբեջանի տարածքով
prev Նախորդ նորություն

Ադրբեջանի կողմից ԵԽԽՎ-ն կաշառելու համար 30 մլն եվրո է հատկացրել. The Guardian

Բրիտանական հեղինակավոր The Guardian պարբերականին հայտնի է դարձել, որ նավթով հարուստ Ադրբեջանը փորձել է կաշառել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի անդամներին՝ ապահովելու համար քվեարկության ժամանակ երկրի նախագահ Իլհամ Ալիևին քննադատող զեկույցների դեմ ձայները։ Այս մասին գրում է tert.am-ը:


Մի շարք խորհրդարանականներ պնդում են, որ հաջորդ շաբաթ ԵԽԽՎ-ն հակակոռուպցիոն հետաքննություն սկսի՝ ձայների կեղծման նոր մեղադրանքների ֆոնին, որոնք հարցականի տակ են դրել կառույցի հեղինակությունը:


ԵԽԽՎ գործունեությանը ծանոթ բարձրաստիճան 2 պաշտոնյա The Guardian-ին հայտնել է, որ իրենք կարծում են, որ Ադրբեջանը կառույցի անդամներին կաշառք է առաջարկել քվեարկության համար:


Ադրբեջանցի դիվանագետ, այլախոհ Արիֆ Մամադովը պնդում է, որ Եվրոպայի խորհրդում երկրի պատվիրակության անդամը 30 միլիոն եվրոյի ծախսեր պետք է կատարեր դրա կառույցներում՝ այդ թվում ԵԽԽՎ-ում Ադրբեջանի լոբբինգի համար:


«Նշվում էր, որ այս գումարը նախատեսված է եղել պատվիրակություններին և ԵԽԽՎ-ի անդամներին կաշառելու համար»,- ասել է նա The Guardian-ին:


Վեհաժողովի շվեդ պատվիրակ և արդարադատության նախկին նախարար Թոբիաս Բիլշտրոմը նշել է, որ «արժանահավատ անդամներ» իրեն տեղեկացրել են, որ իրենց կաշառք է առաջարկվել «որոշակի ձևով» քվեարկելու համար: Նա 64 խորհրդարանականներից մեկն է, որոնք ստորագրել են բանաձև՝ կոչ անելով անկախ հետաքննություն սկսել այս մեղադրանքների առնչությամբ:


«Խավիարային դիվանագիտության» մեղադրանքները պտտվել են ԵԽԽՎ-ի դեմ տարիներ շարունակ՝ մեղադրելով Ադրբեջանին դրական ձայների դիմաց գումար և շքեղ նվերներ առաջարկելու համար, գրում է The Guardian-ը:


Մեղադրանքները նոր թափ են ստացել, երբ իտալացի դատախազները հետաքննություն են սկսել իտալացի պատգամավոր Լուկա Վոլոնտեի դեմ:


Չնայած ԵԽԽՎ պատգամավորների մեկ հինգերորդը հունվարին շտապ հետաքննության կոչ է արել՝ վեհաժողովի առաջնորդները չեն կայացրել համապատասխան որոշում մարտին տեղի ունեցած նրանց վերջին հանդիպման ժամանակ: Այժմ ճնշումն ավելանում է վեհաժողովի նախագահ Պեդրո Ագրամունտի նկատմամբ՝ այս ամիս կայանալիք հանդիպմանը համապատասխան հետաքննության իրականացումն ապահովելու համար:


Քննադատները նշում են, որ Ադրբեջանն օգտագործում է վեհաժողովը նախագահի բռնապետությանը լեգիտիմություն հաղորդելու համար:


Նորվեգիայի նախկին վարչապետ և Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը կոչ է արել Ագրամունտին անձնապես երաշխավորել «անկախ արտաքին հետաքննական մարմնի ստեղծումը՝ առանց հետագա հետաձգման»։


Բիլշտրոմը նշել է, որ աներևակայելի կլիներ Եվրոպայի խորհրդի համար մերժել անկախ հետաքննություն անցկացնելու դիմումը, երբ նա բախվում է «այդքան լուրջ մեղադրանքների»։