Ամուսինը կնոջը հասցրել է ինքնասպանության․ գործը ուղարկվել է դատարան
Գեղարքունիքում իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ տղամարդը տարիներ շարունակ ֆիզիկական և հոգեկան բռնության է ենթարկել կնոջը՝ նրան հասցնելով ինքնասպանության, ինչպես նաև ապօրինի պահել է ռազմամթերք․ ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ գործն արդեն դատարան ուղարկելու փուլում է։
«ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ ամուսինը համատեղ կյանքի ընթացքում պարբերաբար ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք է պատճառել կնոջը՝ նրան հասցնելով ինքնասպանության:
Բացի այդ, նախաքննության ընթացքում նաև պարզվել է, որ ամուսինը ապօրինի ձեռք է բերել և իր բնակության վայրում պահել ռազմամթերք հանդիսացող 38 հատ մարտական փամփուշտ:
Վերջինիս նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը), 162-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (ինքնասպանության հասցնելը) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը):
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- ասված է հաղորդագրությունում։