24.11.2024
Թուրքիան ԵՄ-ից վիզայի ազատականացում է պահանջում՝ որպես միգրացիոն համաձայնագրի պայման
prev Նախորդ նորություն

National Interest․ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի հարաբերությունները չեն լավանա

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի այցը Մոսկվա մռայլվեց Սիրիայում քիմիական հարձակման մասին ՄԱԿ ԱԽ նոր բանաձեւի վրա վետո դնելու Ռուսաստանի մտադրությամբ, գրում է National Interest–ը։

Նույնիսկ Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ Թիլերսոնի հանդիպումների ժամանակ ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Նիկի Հեյլին դատապարտում էր Ռուսաստանի գործողությունները։ «Վաղուց եկել է ժամանակը, որ Ռուսաստանը դադարի պաշտպանել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին ու սկսի լրջորեն պայքարել խաղաղության համար, այլ ոչ թե այդ խնդրի մի մասը լինի»։

Հոդվածագիրը, National Interest-ի խմբագրի օգնական Բլեյք Ֆրենկոն, նշում է, որ Ասադի մասին խոսելով Մոսկվային անկյուն քշելով՝ Թրամփի վարչակազմը տվյալ հակամարտությունը չի լուծի։

Չնայած Բաշար Ասադին ցուցաբերված աջակցության համար Թիլերսոնը ընդամենը երկու օր առաջ Ռուսաստանին կոչել էր «ոչ կոմպետենտ», բայց նա կարծես լի է վճռականությամբ Մոսկվայի ու Վաշինգտոնի հարաբերությունները հարթելու հարցում։ Թիլերսոնը նոր է ավարտել իր հանդիպումը Վլադիմիր Պուտինի հետ, որը Ռուսաստանի նախագահի ու Թրամփի վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցչի միջեւ առաջին դեմ առ դեմ պաշտոնական հանդիպումն էր։ Պուտինը կանգնած էր Թիլերսոնի հետ հանդիպելու կամ չհանդիպելու երկընտրանքի առջեւ։ Ի վերջո նա վճռեց հանդիպել՝ նախազգուշացնելով, որ Կրեմլը մտադիր չէ Վաշինգտոնի հետ տարաձայնություններ ունենալ, այլ հակաառակը՝ մտադիր է հարթել դրանք։ Նրանց գրեթե երկու ժամ տեւած քննարկումը կարող էր դառնալ հարաբերությունների լավացման սկիզբը, որը Թրամփը խոստացել էր իր քարոզչության ժամանակ։

Սակայն, ըստ հոդվածագրի, պետք չէ դրա հետ հույսեր կապել։ Հարաբերությունների հարթման խոչընդոտներից մեկը Սիրիան է։ Ավելին, առաջնորդներն իրենք են նշել, որ երկրների միջեւ կա լուրջ լարվածություն ու դժվար է լինելու վստահալի հարաբերություններ կառուցելը։ Ռուսաստանի ԱԳՆ-ն բավականին լավատես էր թվում, նշելով Սիրիայում փոխհամաձայնության հասնելու, նաեւ լայն հակաահաբեկչական կոալիցիա ստեղծելու առաջնայնությունը։ Սակայն ամերիկյան ու ռուսական վարչակազմերի համար ավելի բարդ է ընդհանուր լեզու գտնել Ասադի ճակատագրի հարցում,քանի որ ամերիկյան կողմը պնդում է, որ նա պետք է լքի պաշտոնը։

Հոդվածագիրը շեշտում է, որ դա միակ կտրուկ փոփոխությունը չէ Թրամփի քաղաքակաության մեջ։ Այսօր Թրամփը Սպիտակ տանը հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգի հետ ու զարմանալի հայտարարություն արել՝ համենայն դեպս բոլոր նրանց համար, ովքեր հետեւել են նրա քարոզչությանը ։ «Ես ասում էի, որ ՆԱՏՕ-ն սպառել է իրեն։ Արդեն ոչ»։

Հեղինակի խոսքով, ընդամենը մեկ օրում Թրամփի վարչակազմը փոխել է իր քաղաքականությունը՝ անցնելով սթափ դատողության քաղաքականությանը, որը հենց իրենք էին քննադատում։ «Նոր սառը պատերազմը ու ռուս-ամերիկյան հարաբերությունների լարվածությունը ավելի հավանական են թվում, քան հարաբերությունների հարթումը։ Այլեւես չհերքելով վերջին տասնամյակների արտաքին քաղաքականությունը, վարչակազմը, ավելին՝ հաստատել է այն»,- ամփոփում է հոդվածագիրը ։