Ռուսաստանի եւ Իրանի հետ Սիրիայում հաստատված զինադադարի պաշտոնական երաշխավոր հանդիսացող Թուրքիան աջակցում է Միացյալ Նահանգների կողմից սիրիական ավիաբազաներից մեկի վրա իրականացված հարձակմանը: Այս մասին հայտարարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, նշելով, որ դա դրական, սակայն ոչ բավարար քայլ էր: Հատկանաշական է, որ նույն Ռուսաստանն ու Իրանը կտրուկ քննադատել են ԱՄՆ-ի հիթիռակոծումը՝ անվանելով այն «ինքնիշխան պետության դեմ ագրեսիա» և «աջակցություն ակաբեկիչներին»:
Ինչպես հաղորդում է «Անադոլու» գործակալությունը, Էրդողանը կոչ է արել միջազգային հանրությանը դիմել ակտիվ քայլերի Սիրիայում տեղի ունեցող հանցագործություններին դիմակայելու համար: «Միջազգային հանրությունը հնարավորություն ունի կանխել Ասադի ռեժիմի հանցանքները»,- նշել է Էրդողանը՝ ընդգծելով, որ Անկարան արդեն երկար տարիներ լուրջ քայլեր է ձեռնարկում այդ ուղղությամբ: «Պետք է վերաիմաստավորել այն, ինչ կատարվում է: Ոչ ոք չպետք է փորձի մարդկության դեմ իրագործված հանցագործություններն ու երեխաների սպանությունը կոծկել ԻՊ-ի ահաբեկիչների դեմ պայքարով: Այն, ինչ կատարվում է Սիրիայում, ողբերգություն է», - ասել է Թուրքիայի նախագահը:
Հատկանշական է, որ նման գնհատականով Էրդողանը հանդես է գալիս ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերոսնի վերջերս Անկարա Կատարած այցից հետո: Այցի շրջանակներում, ինչպես նշում են փորձագետները, Թիլերոսնը Անկարայի դեմ ընտրության խնդիր է դրել՝ «ընտրեք, թե ում հետ եք դուք ընդհանրապես»: Պատահական չէ, որ քիմիական գազի միջադեպի հետ կապված խնդրին Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն մեղադրանքներ հնչեցրեց Սիրիայի կառավարության հասցեին և անուղղակի պատասխանատվություն դրեց Ռուսաստանի վրա՝ նշելով, որ Ասադի վարչակարգին պաշտպանելը «ծայրաստիճան սխալ» է և անընդունելի:
Սիրիայում ստեղծված իրավիճակը արդեն իսկ քննարկել են ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն: Թուրքական կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ Լավորվն ընդգծել է, որ ԱՄՆ-ի հրթիռակոծումը հարվածի տակ է դնում Մոսկվայի եւ Անկարայի՝ սիրիական հակամարտության կարգավորման ջանքերը: Լավրովը նշել է, որ նման ագրեսիվ գործելաոճն անընդունելի է: Նրանք նաեւ նշել են, որ սիրիական ճգնաժամի լուծման միակ ճանապարհը միջսիրիական բանակցային գործընթացն է:
Միացյալ Նահանգներն ապրիլի 6-ի երեկոյան թևավոր հրթիռներով հարվածել է Սիրիայի արևմտյան Հոմս նահանգում գտնվող կառավարական ուժերի ռազմաբազային, ինչի հետեւանքով զոհվել էին նաեւ խաղաղ բնակիչներ: ԱՄՆ-ը նախագահ Դոնալդ Թրամփն այս գործողությունն անվանել էր «վրեժխնդրության ակտ» ի պատասխան օրեր առաջ Իդլիբում իբր թե սիրիացի զինվորականների կողմից քիմիական զենքի կիրառման: Նա նաեւ նշել էր, որ «դա բխում էր ԱՄՆ ազգային անվտանգության կենսական շահերից»:
ՌԴ նախագահ Վլադմիր Պուտինն ԱՄՆ-ի հիթիռակոծումն անվանել էր «ինքնիշխան պետության դեմ ագրեսիա»: Մոսկվան արդեն իսկ ձեռնարկել է որոշակի պատասխան քայլեր: Ռուսաստանը դադարեցրել է Վաշինգտոնի հետ կնքած Սիրիայում իրականացվող գործողությունների շրջանակում ավիացիայի թռիչքների անվտանգության ապահովման ու միջադեպերի կանխման վերաբերյալ հուշագրի գործողությունը: