Մոսկվան պատրաստ է իրավաբանորեն երաշխավորել չհարձակվելը. ՌԴ ԱԳՆ
Լուսանկարը` ՌԻԱ Նովոստիի
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը հերքել է Արևմուտքի դեմ ագրեսիվ ծրագրերի առկայությունը։ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ Կրեմլը պատրաստ է փաստաթղթով ամրագրել ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի վրա չհարձակվելու պարտավորությունը՝ փոխադարձության պայմանով։
«Վալդայ» միջազգային ակումբում ծավալված քննարկման ժամանակ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը հստակեցրել է Մոսկվայի դիրքորոշումը՝ բացառելով որևէ նվաճողական նկրտում։ Դիվանագետի խոսքով՝ Ռուսաստանը չի ծրագրում ռազմական գործողություններ սկսել Հյուսիսատլանտյան դաշինքի կամ Եվրամիության անդամ երկրների դեմ և պատրաստ է այդ հանձնառությունն ամրագրել պաշտոնական պայմանագրով՝ ճգնաժամի կարգավորման շրջանակներում։
Վկայակոչելով նախագահ Վլադիմիր Պուտինի մոտեցումը՝ Ռյաբկովը նշել է, որ նման իրավական փաստաթուղթը պետք է հիմնված լինի անվտանգության անբաժանելիության սկզբունքի վրա։ Այս հայտարարությունը համահունչ է օրեր առաջ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հնչեցրած դիրքորոշմանը, ըստ որի՝ Մոսկվան պատրաստ է գրավոր երաշխիքներ տալ, սակայն պայմանով, որ գործընթացը լինի կոլեկտիվ և փոխադարձ հիմունքներով։
ՌԴ դիվանագետների հավաստիացումները հնչում են մի իրավիճակում, երբ ԵՄ առանցքային երկրները գործնական քայլեր են ձեռնարկում հնարավոր պատերազմին նախապատրաստվելու ուղղությամբ։ Չնայած Մոսկվայի հայտարարություններին՝ Գերմանիան կյանքի է կոչում Բունդեսվերի մշակած «Օպերացիա Գերմանիա» (Operationsplan Deutschland) գաղտնի ռազմավարական ծրագիրը։
Շուրջ 1000 էջանոց փաստաթուղթը կարգավորում է Գերմանիայի գործողությունները՝ որպես ՆԱՏՕ-ի գլխավոր լոգիստիկ հանգույց արևելյան ճակատում լայնածավալ հակամարտության դեպքում։ Ծրագիրը նախատեսում է դաշինքի հարյուր հազարավոր զինվորների տեղափոխում գերմանական տարածքով, ենթակառուցվածքների պաշտպանություն և քաղաքացիական ոլորտի մոբիլիզացում։
Ավելի վաղ Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը բազմիցս հայտարարել էր, որ Գերմանիան պետք է մինչև 2029 թվականը պատրաստ լինի Ռուսաստանի հետ պատերազմի՝ կոչ անելով արդյունաբերությանն ու հասարակությանը հարմարվել նոր սպառնալիքներին։