Հայաստանը կարևորում է Կիպրոսի հետ հարաբերությունների խթանումն առողջապահության ոլորտում
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում Կիպրոսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մավրոսին:
Քննարկվել են առողջապահական ոլորտում Հայաստան-Կիպրոս համագործակցության ակտիվացմանն ուղղված հարցեր: Անդրադարձ է կատարվել Հայաստանի առողջապահության ոլորտում բարեփումներին միտված ծրագրերին:
«Հայաստանը կարևորում է Կիպրոսի հետ հարաբերությունների խթանումն առողջապահության ոլորտում և շարունակելու է աշխատանքներ իրականացնել Կիպրոսի հետ՝ զարգացնելու փոխշահավետ համագործակցությունը և երկրների միջև կառուցողական երկխոսությունը»,- հանդիպմանը նշել է նախարար Ավանեսյանը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` դեսպան Մավրոսը նշել է, որ իր բոլոր ջանքերը ներդնելու է երկու երկրների համագործակցության, այդ թվում` առողջապահության ոլորտի ամրապնդման համար:
Հաշվի առնելով երկու երկրների միջև առողջապահության ոլորտում ներկայիս առաջնահերթությունները` ՀՀ առողջապահության նախարարությունը մշակել է Հայաստանի Հանրապետության և Կիպրոսի Հանրապետության առողջապահության նախարարությունների միջև համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրի նախագիծ։
Փաստաթղթի ստորագրումը հնարավորություն կտա խորացնել և ընդլայնել երկու երկրների միջև առողջապահության ոլորտում փոխգործակցության շրջանակները: