VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, իրավապահ մարմինները քննարկում են Սամվել Բաբայանի հետ «Իգլա» տեսակի զենիթահրթիռային զինատեսակի ապօրինի ներկրման առիթով հարուցված քրեական գործում ներգրավել ՕՐՕ դաշինքի այլ գործիչների եւս: Խոսքը «Ազատամարտիկների դաշինքի» անդամ, «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանի եւ պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանի մասին է: Երկուսն էլ դաշինքի անդամ են, Պետրոսյանը նաեւ ընդգրկված է դաշինքի նախընտրական ցուցակում: Փորձեցինք նրանցից մեկնաբանություն ստանալ՝ արդյո՞ք իրավապահներն իրենց այդ մասին ակնարկ արել են կամ ունե՞ն նրանք նման մտավախություն: Ռազմիկ Պետրոսյանը նախ ասաց, որ Բաբայանին վերաբերող գործը շինծու է, իսկ իրեն որեւէ մեկը որեւէ բան չի ասել: Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ ՕՐՕ-ում շատերը մտավախություն ունեն, որ կարող է իրենց էլ ինչ-որ կերպ ներգրավեն այդ գործում: Իսկ հիմա դա չեն անում, քանի որ պատգամավորի թեկնածուները որոշակի անձեռնմխելիություն ունեն»:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ ՀՀ ԱՎԾ-ի հրապարակած պաշտոնական տվյալների համաձայն՝ 2016 թվականի ընթացքում Ռուսաստանի Դաշնությունից մեր տնտեսության մեջ իրականացված ներդրումների զուտ հոսքը եղել է բացասական` մինուս 52 միլիարդ դրամ: Այսինքն, Հայաստանից, պատկերավոր ասած, 52 միլիարդ դրամի կամ մոտ 110 միլիոն դոլարի կապիտալ է արտահոսել Ռուսաստան: ՀՀ-ից դեպի ՌԴ կապիտալի այսպիսի արտահոսք չի գրանցվել երբեք: Ու ընդհանրապես, անցած տարի օտարերկրյա ներդրումների ներհոսքի կտրուկ անկում է արձանագրվել: Եթե 2015 թ. այդ ցուցանիշը 118.5 միլիարդ դրամ է կազմել, ապա 2016-ին ՝ 81.5 միլիարդ դրամ: Ընդ որում, մոտ 41 միլիարդը, կամ ընդհանուրի կեսը ուղղվել է հանքարդյունաբերության ոլորտ: Ինչպես նախկինում, անցած տարի եւս օտարերկրյա ներդրումներում մեծ դեր են խաղացել օֆշորները: Մեր տնտեսության մեջ օֆշորներից եկած ներդրումների ծավալը անցած տարի կազմել է ավելի քան 100 միլիարդ դրամ: Ամենախոշոր «ներդրումատու» օֆշորները անցած տարի եղել են Լյուքսեմբուրգը` 48 միլիարդ, Կիպրոսը`44 միլիարդ եւ Ջերսին` 10 միլիարդ դրամ»:
«168 ժամ» թերթը գրում է. «Տպավորություն է, որ Հայաստանը ռուսական առաջարկի վերաբերյալ որոշ վերապահումներ ունի, որի պատճառով էլ շեշտը դնում է վերահսկողական մեխանիզմների ներդրման հարցի վրա, ինչից հրաժարվում է Ադրբեջանը: Ադրբեջանը ցանկանում է միանգամից անցում կատարել բանակցությունների համաձայնագրին, ինչին կարծես թե դեմ չէ, որում համոզվեցինք, երբ Ալիեւը խոսեց Ղարաբաղի ինքնավարության եւ ճնշումների մասին»,- «168 ժամ» թերթի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է գերմանացի քաղաքագետ Ուվե Հալբախը՝ անդրադառնալով ՌԴ ԱԳ Նախարար Սերգեյ Լավրովի եւ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդի փոխանցած տեղեկություններին։ Հալբախը հիշեցրել է Լավրովի մեկնաբանությունն Ադրբեջանի ԵՏՄ հնարավոր անդամակցության մասին։ «Հայտնի է, որ ադրբեջանական որոշ շրջանակներ Մոսկվայի հետ բանակցություններում այս հարցը փորձում են շրջանառել ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ռուսական աջակցությունը ստանալու նպատակով։ Ու չի բացառվում, որ Հայաստանը հաշվի է առնում «Ղարաբաղյան առեւտրի» այս հնարավոր դետալը՝ այդ պատճառով հրաժարվելով բանակցել ռուսական առաջարկի շուրջ»,- ասել է նա»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «2016 թվականի ընթացքում Միջազգային ինտեգրման և բարեփոխումների նախարարությունը, որը դեռ «երեկ» նույնիսկ կայք չուներ, 2016 թվականին բավականին թանկ է նստել մեր բյուջեի վրա: Ի թիվս գերատեսչական այլ ծախսերի, ողջ տարվա ընթացքում իրականացրած 16 ուղևորության համար նախարարությունը 18116153 դրամ է ծախսել: Հետաքրքիր է, որ ուղևորության գումարից բացի 13887800 դրամ էլ ծախսվել է արտասահմանյան ուղևորությունների ժամանակ «գնում չհանդիսացող այլ ծախսեր» անվան տակ: Այսինքն, տարեկան միայն 32003953 դրամ ծախսվում է այս ու այն կողմ գնալու վրա, սակայն այդպես էլ հասկանալի չէ, թե այն ինչքանով է ազդել Հայաստանի միջազգային ինտեգրման մակարդակը բարձրացնելու վրա: Ինչ վերաբերում է ներկայացուցչական ուղևորություններին, ապա Հայաստանին ոչինչ չտվող նման ուղևորությունների վրա գումար ծախսելու փոխարեն ավելի լավ կլիներ, որ այդ գումարները ծախսվեր այնպիսի բարեփոխումների վրա, որը նաև ուրիշները տեսնեին:
Հետաքրքիր է նաև, որ այս գերատեսչությունը, որի գոյությունից և գործունեությունից ընդհանրապես շատ քչերն են գլուխ հանում, ընդամենը մեկ ավիատոմս գնելու համար ծախսել է ոչ ավել, ոչ պակաս՝ 5870000 դրամ: «Փաստը» փորձեց պարզել, թե որ ուղղությունների դեպքում կարող է երկկողմանի տոմսի արժեքը հասնել մոտ 12 հազար դոլարի: Ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ նույն ուղղության էկոնոմ և բիզնես դասերի ավիատոմսերի գները, կախված ուղղությունից և թռիչքն իրականացնող ընկերությունից կարող են մինչև 10–ից 13 անգամ թանկ լինել: Այսինքն, եթե օրինակ Երևան–Մոսկվա–Լոս–Անջելես ուղղությամբ երկկողմանի էկոնոմ դասի ավիատոմսը կարելի է ձեռք բերել մոտ 430000 դրամով, ապա նույն տոմսի բիզնես դասի տոմսի արժեքը 5700000 է, այսինքն մոտ 12 հազար դոլար: Եվ Հայաստանի նման համեստ բյուջե ունեցող երկրի որևէ պաշտոնյա կարող է իրեն նման շռայլություններ թույլ տալ և հարկատուների գումարներով իրեն լավ զգալ: Հետո էլ վարչապետն ասում է, թե թոշակները չեն կարող բարձրացնել, որովհետև բյուջեում փող չկա:
Բա եթե թոշակառուների բերանից կտրեք, նախարարներին բիզնես դասով գործուղումների ուղարկեք, ոչ բյուջեում փող կմնա, ոչ էլ թոշակները կբարձրանան: Բայց հարց է ծագում, թե ինչու պետք է այս կամ այն պետական պաշտոնյայի ինքնազգացողությունը և ինքնագնահատականը բարձրացնելու համար ազգովի գումար տանք, որ հա՛մ 13 անգամ թանկ ավիատոմս գնի, համ էլ հարկատուների գումարների հաշվին ինքնահաստատվի: Փող չունեք երկիր պահեք, նախարարների վոյաժների համար ուրիշներին ե՞ք հարստացնում: Ինչ վերաբերում է «Փաստի» անդրադարձին, թե այս գերատեսչությունն այնքան է դրսերով տարված, որ նույնիսկ մի սեփական կայք չունի, տեղեկացնենք, որ սխալն արդեն հասցրել են ուղղել: Սակայն վերջին լուրը, որը «պատմում» է, թե առհասարակ ինչով է զբաղվում Վաչե Գաբրիելյանը, անցյալ տարվա վաղեմության է և հիմա էլ տպավորությունն այնպիսին է, թե Միջազգային ինտեգրման և բարեփոխումների նախարարությունում ժամանակը կանգ է առել: