6.10.2025
Լուսանկարը` armlur.am
prev Նախորդ նորություն

Նոր չափորոշիչ մանկապարտեզների համար. 2026-ից սահմանվում է սննդի կազմակերպման խիստ կանոններ

Լուսանկարը` hetq.am
Լուսանկարը` hetq.am

ՀՀ առողջապահության նախարարությունը հաստատել է նախադպրոցական հաստատություններում սննդի կազմակերպմանն ուղղված նոր, զգալիորեն ավելի խիստ հիգիենիկ պահանջներ, որոնք ուժի մեջ կմտնեն 2026 թվականի հունվարի 1-ից։ Նախարար Անահիտ Ավանեսյանի ստորագրած հրամանով ամբողջությամբ արգելվում է տասնյակ անուն սննդամթերքի օգտագործումը, ներառյալ տապակած ուտեստները, երշիկեղենը և գազավորված ըմպելիքները՝ նպատակ ունենալով բարելավել երեխաների առողջությունը և կանխարգելել սննդային թունավորումները։


Նոր կարգը, որը փոխարինում է 2013 թվականի կանոններին, պարտավորեցնում է նախադպրոցական հաստատություններին կազմել 10-12 օրվա օրինակելի ճաշացուցակ՝ սննդակարգի բազմազանությունն ու հավասարակշռվածությունն ապահովելու համար։


Փաստաթղթում առաջնային ուշադրություն է դարձվում սննդի անվտանգությանը։ Ամբողջական արգելքի տակ է հայտնվում առանց անասնաբուժական վկայականների և որակը հավաստող փաստաթղթերի հումքի օգտագործումը, ինչպիսիք են չդրոշմված միսը, չլվացված ձուն կամ առանց համապատասխան փաստաթղթերի ձուկը։ Արգելված են նաև վնասված տարաներով պահածոները, փչացման նշաններով կամ պիտանիության ժամկետն անցած մթերքները և տնային պայմաններում պատրաստված ցանկացած սնունդ։


Առողջ սնուցումը խթանելու նպատակով մանկական ճաշացուցակից ամբողջությամբ հանվում են տապակած կերակրատեսակները (ներառյալ չիպսերն ու կարկանդակները), մարգարինը, տրանսճարպերը, կծու համեմունքները, ինչպիսիք են քացախն ու մանանեխը, ինչպես նաև երշիկեղենն ու ապխտած մթերքները։ Արգելված մթերքների ցանկում են հայտնվել նաև սունկը, կրեմային հրուշակեղենը, գազավորված և կոֆեին պարունակող ըմպելիքները, մաստակը և շաքարի ու աղի բարձր պարունակությամբ սնունդը։


Վերահսկողություն և հաշվետվողականություն ապահովելու համար սննդի կազմակերպման պատասխանատվությունը դրվում է հաստատության ղեկավարի վրա։ Բացի այդ, ներդրվում է պատրաստի կերակրատեսակներից ամենօրյա նմուշառում կատարելու և այն 48 ժամ պահպանելու պարտադիր պրակտիկա, ինչը թույլ կտա արագ քննել սննդի որակի հետ կապված ցանկացած միջադեպ։


 

 Լուսանկարը՝ parliament.am
06.10.2025
44-օրյա պատերազմի զեկույցը «արխիվացնելու» որոշումը թելադրված է օրենքով. պատգամավոր